Վրաստան

Վրաստանում ընտրությունների ձայների վերահաշվարկը հաստատել է ԿԸՀ-ի տվյալները

2 րոպեի ընթերցում

Վրաստանում ընտրությունների ձայների վերահաշվարկը հաստատել է ԿԸՀ-ի տվյալները

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների մասնակի վերահաշվարկը հաստատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

ԿԸՀ-ի հայտարարության մեջ ասվում է, որ ընտրատեղամասերի 12 %-ում, որտեղ քվեարկել է ընտրողների 14 %-ը, քվեաթերթիկների վերահաշվարկն «ավելի վաղ հայտարարված պաշտոնական արդյունքների էական փոփոխության չի հանգեցրել»։ Ամփոփիչ արձանագրությունները «միայն աննշան փոխվել են» վերահաշվարկված ընտրատեղամասերի 9 %-ում, նշվում է հաղորդագրության մեջ:

Ձայների վերահաշվարկը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին։ Վերահաշվարկի համար տեղամասերն ընտրվել են վիճակահանությամբ։

Հոկտեմբերի 30-ին Վրաստանի դատախազությունը հայտարարել էր, որ հետաքննություն է սկսել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմության ներկայացուցիչների՝ խորհրդարանական ընտրությունները կեղծելու վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ։ Զուրաբիշվիլին կանչվել էր գերատեսչություն՝ բացատրություններ տալու։

Վրաստանի նախագահը, սակայն, իրեն դատախազություն կանչելը համարել է ոչ տեղին և հրաժարվել է  այնտեղ գնալ, քանի որ, նրա խոսքով, դատախազներն իրենք պետք է կատարեն հետաքննությունը։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Երկրի ԿԸՀ-ի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ստացել է ձայների 53,9 %-ը, սակայն ընդդիմությունը չի ընդունում այս արդյունքները։ Զուրաբիշվիլին ընտրությունները որակել է «ամբողջական կեղծիք» և հայտարարել, որ ինքը չի ճանաչում դրանք, իսկ 5 %-ի շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ բոյկոտելու են նոր խորհրդարանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում