Հայաստանն ԱՄԷ գործարարների համար ունի ներդրումային գրավչություն. Դիլիջանում տեղի է ունեցել Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողով

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանն օրերս հյուրընկալել էր Զբոսաշրջության տարածաշրջանային երկօրյա ֆորումը՝ նպատակ ունենալով խթանել զբոսաշրջության զարգացումը և նոր հնարավորություններ ստեղծել տարածաշրջանային համագործակցության համար: Ֆորումը ներկայացնում էր հագեցած օրակարգ, որը ներառում էր բազմաբնույթ քննարկումներ, նորարարական ելույթներ և պրոֆեսիոնալ երկխոսության հարթակներ:

Green Rock-ի նախաձեռնությամբ անցկացված ֆորումը կյանքի է կոչվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ,  տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Ֆորումի նպատակն է Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանում զբոսաշրջության և բիզնեսի առաջատար ուղղություն՝ խթանելով տարածաշրջանային համագործակցությունը, ռազմավարական զարգացումը և կայուն աճը: Համաժողովի հիմնական թեման էր տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների ուսումնասիրությունը՝ կենտրոնանալով MICE (հանդիպումներ, համաժողովներ, ցուցահանդեսներ և ցուցադրություններ) զբոսաշրջության վրա։

Տարածաշրջանային զբոսաշրջության համաժողովի առաջին քննարկմանը մասնակցել են պետական պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի առանցքային խաղացողներ։ 

Միջոցառման բացման խոսքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը նշել է Հայաստանում MICE զբոսաշրջության խթանման կարևորությունը ներկայիս աշխարհի զարգացումների պայմաններում՝ տարածաշրջանային համատեքստում, և ընդգծել, որ Հայաստանում ագրոտուրիզմը ևս պետք է դիտարկել որպես գործարար ճամփորդության հնարավոր զարգացման ուղղություններից մեկը։ 

Իր բացման խոսքում գործարար Վազգեն Գևորկյանն ընդգծել է, որ Հայաստանի զբոսաշրջային բրենդավորման հարցը դեռ լիարժեք լուծված չէ։ Նա շեշտել է բնապահպանական հարցերի կարևորությունը, ինչպես նաև ոլորտի ներդրումային գրավչության բարձրացման անհրաժեշտությունը։ 

«Թղթի վրա ստեղծված միջավայրը գրավիչ է, սակայն պետք է ուշադրություն դարձնել դրա կիրառմանը՝ ներդրողի համար դրա հարմարությանը: Լրացուցիչ աշխատանք կա՝ մասնավորապես PR ոլորտում~ անհատ գործարարների հետ շփումների գործընթացը բարելավելու և ներդրումների մթնոլորտը ներկայացնելու համար։ Արդյունավետ օրենքներ պետք է ընդունվեն և հնարավորինս արդյունավետ կիրառվեն», - հավելել է Վազգեն Գևորկյանը:

Ֆորումին ներկա ԱՄՆ ՄԶԳ Հարավային Կովկասի տարածաշրջանային զբոսաշրջության ծրագրի ղեկավար  Միշել ՄաքՔենզին իր բացման խոսքում ներկայացրել է  MICE զբոսաշրջության առանձնահատկություններն ու զարգացման միտումները, ինչպես նաև նոր ի հայտ եկած տերմինի՝ «bleisure» բացատրությունը, որը բիզնեսի և հաճույքի համադրությունն է։ 

ԱՄԷ-ից հյուրընկալության ոլորտի փորձագետ Աբդուլսալեմ Քայալին Հայաստանում առաջին անգամ էր։ Քայալին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների թվում նշել է չափազանց համեղ սնունդը, երկրի բնակլիմայական պայմաններն ու տեսարժան վայրերով հարուստ լինելը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը ԱՄԷ գործարարների համար ունի ներդրումային գրավչություն։ Քայալին կարևորել է նաև Հայաստանի մասնակցությունը զբոսաշրջային ցուցադրություններին որպես ճանաչելիության ապահովման գրավական։ 

Իտալիայից ժամանած «Ապրիցիուս» միջազգային հյուրընկալության դպրոցի հյուրընկալության մենեջեր, տուրիզմի փորձագետ Սալվատորե Պրոկոպիոն նույնպես տպավորված էր հայերի ջերմությամբ, որը, նրա խոսքով, շատ նման է իտալականին։

«Պիտի հիշեք, որ չափազանց կարևոր է անվերջ ու անընդհատ խոսել ձեր մասին, որպեսզի դառնաք ճանաչելի», - ասել է նա։ Կարևոր մարտահրավերներից Պրոկոպիոն հատկապես նշել է ոլորտի գրավչությունը երիտասարդ աշխատակիցների համար պահպանելը։

Ֆորումի ընթացքում նախատեսված պանելային քննարկումները՝ «MICE զբոսաշրջությունը տարածաշրջանում․ զարգացման հնարավորություններ», «Նորարարություններ և ներդրումային հնարավորություններ MICE զբոսաշրջության ենթակառուցվածքների և ծառայությունների մեջ» թեմաներով, ընթացել են թեժ մթնոլորտում։ Պանելային քննարկումներին մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցության կենտրոնի ներկայացուցիչներ և միջազգային գործընկերներ։ 

Ֆորումի առաջին օրվա ընթացքում մասնակիցները վայելել են հայ դիզայներների բացառիկ աշխատանքները՝ ներկայացված Նորաձևության և դիզայնի պալատի կողմից, ինչպես նաև խաչքարագործության և գորգագործության արվեստի նմուշներ։ 

Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովի երկրորդ օրը նվիրված էր կլոր սեղանի շուրջ ոլորտի խնդիրների քննարկմանը։ Մասնակիցների  թվում  էին ոլորտը  կարգավորող մարմնի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ոլորտի առաջատար մասնակիցներ։ Քննարկման առանցքային թեման  MICE զբոսաշրջության զարգացման խոչընդոտները, հնարավորություններն ու հեռանկարներն էին։ Կլոր սեղան քննարկումը դարձել էր բացառիկ հարթակ պետական և մասնավոր սեկտորների երկխոսության համար։

Ամփոփելով հանդիպումը՝  մասնակիցները ևս մեկ անգամ ընդգծել են ռազմավարության և գործողությունների պլանի ընդունման  և դրան հստակ հետևելու կարևորությունը։ Առանձնակի շեշտվել է կանոնավոր հանդիպումների միջոցով պետություն – ոլորտի դերակատարներ երկխոսության շարունակականության ապահովումը, որոնց ընթացքում վերհանվում են խնդիրներ։

Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովի քննարկումներն ու ելույթները կձևավորվեն փաստաթղթի տեսքով և կներկայացվեն համապատասխան մարմիններին՝ բարձրացնելու համաժողովի գործունեության արդյունավետությունը:

Հայերեն العربية Русский