ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանում հոկտեմբերի 27-ին մեկնարկել են խորհրդարանական հերթական ընտրությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 11.00-ին ընտրողների մասնակցությունը կազմել է 47,62%:
Ընդհանուր առմամբ՝ 19 միլիոն 944 հազար 859 ընտրողից ընտրատեղամասեր է այցելել 9 միլիոն 498 հազար 589-ը:
Երկրում առաջին անգամ պատգամավորները նոր հնգամյա ժամկետով կընտրվեն խառը մեծամասնական-համամասնական կարգով:
Այս համակարգը թույլ է տալիս Օրենսդիր պալատի 75 պատգամավորների ընտրվել միամանդատ ընտրատարածքներում՝ մեծամասնական ընտրակարգով, ևս 75-ը կընտրվեն համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով։
Նշվում է, որ Ուզբեկստանում գործող հինգ քաղաքական կուսակցություններ և նրանց թեկնածուներն ընտրապայքարի մեջ են մտել «Իմ ընտրությունն իմ բարգավաճ հայրենիքն է» կարգախոսով։