Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչները հարցազրույցներ են անցկացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած անձանց հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչները հարցազրույցներ են անցկացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած անձանց հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, հոկտեմբերին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին, դրանց համապատասխանությանը սահմանված պահանջներին։ Ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձանց հետ, տեղի են ունեցել առանձնազրույցներ, ստուգվել են նաև բժշկական փաստաթղթերը:

«Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, բժիշկներ և հոգեբան: Այցի ընթացքում ուսումնասիրության առարկա են դարձել նաև քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, քրեակատարողական ծառայողների հաստիքների համալրվածությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, հոգեբանական աշխատանքներին և վերասոցիալականացմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուրաբաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։

Նշվում է, որ չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում