ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային քրեական դատարանի (Հաագա, Նիդերլանդներ) պաշտոնաթող դատավոր, ՄՔԴ երրորդ նախագահ (2015-2018 թվականներին) և ՄՔԴ Կանոնադրության անդամ պետությունների վեհաժողովի նախկին նախագահ (2021-2023 թվականներին) Սիլվիա Ֆերնանդեզ դե Գուրմենդիին (Արգենտինայից ընտրված ՄՔԴ դատավոր) Սահմանադրական դատարանում հյուրընկալել են դատարանի փոխնախագահ, դատավոր Վահե Գրիգորյանը և դատավոր Դավիթ Խաչատուրյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Սահմանադրական դատարանից, ողջունելով հյուրին՝ փոխնախագահ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի Սահմանադրական դատարանի գործունեությունը, սահմանադրական արդարադատության ոլորտում առկա ձեռքբերումները և մարտահրավերները, քննարկվել են ՄՔԴ Կանոնադրության պահանջների կատարման առնչությամբ սահմանադրական արդարադատության ոլորտին վերաբերող խնդիրներ: