ՌեԱ փառատոնի MarAni անիմացիոն շուկան հյուրընկալել է ոլորտի լավագույն մասնագետներին և 17 հայաստանյան նախագիծ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնի MarAni ֆորումն ու անիմացիոն շուկան այս տարի անցկացվել է հոկտեմբերի 21-24-ը Հայ բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն նշանավորվել է միջազգային հյուրերի մասնակցությամբ աշխատարաններով, վարպետաց դասերով, պանելային քննարկումներով և անիմացիոն նախագծերի ներկայացմամբ։ Արտադրական հարթակի բացումը տրվել է պրոդյուսեր, իսպանական NEXT Lab Generation-ի ղեկավար Խոսե Լուիս Ֆարիասի հանրային զրույցով՝ «Հեղափոխական տեխնոլոգիաներ անիմացիայի ոլորտում» խորագրով։ «Անիմացիոն ֆիլմերի արտադրություն․ Tchack» թեմայով զրույցով ելույթ է ունեցել նաև Tchack Production-ի գեղարվեստական տնօրեն Լուչիանո Լեպինայը։ 

«MarAni հարթակը կինոպրոֆեսիոնալներին, ոլորտի ստեղծագործողներին ու մասնագետներին ևս մեկ քայլով անիմացիայի ստեղծմանն ու արտադրությանը մոտեցնելու հնարավորություն է։ Ֆրանսիայից, Իսպանիայից, եվրոպական այլ երկրներից և ԱՄՆ-ից ժամանած բարձրակարգ պրոֆեսիոնալները հայաստանյան լսարանի հետ կիսվել են մասնագիտական կարևոր գիտելիքներով։ Մենք հնարավորություն ունեցանք ունկնդրելու այնպիսի հեղինակությունների, ինչպիսիք են Դիսնեյի անիմատոր, ռեժիսոր և սցենարիստ Քըրք Ուայզն ու ռեժիսոր Աարոն Բլեյզը»,- ասել է «ՌեԱ» փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին։ 

MarAni շուկայի CoReAct համարտադրության հարթակը բացառիկ հնարավորություն է ոլորտի հայ ստեղծագործողների համար միջազգային պրոդյուսերներին ներկայացնելու իրենց ծրագրերը։ Այն այս տարի հյուրընկալել է 17 հայաստանյան նախագիծ։ Եվրոպական կինոյի աջակցման հիմնադրամի (Eurimage), Cartoon media-ի, Անսիի միջազգային կինոփառատոնի Mifa անիմացիոն շուկայի, France TV-ի և այլ կառույցների ներկայացուցիչներից բաղկացած միջազգային ժյուրին ներկայացված նախագծերից ընտրել է երեք լավագույնները ֆինանսավորման համար։ 

«ՌեԱ» 16-րդ փառատոնի և CoReAct-ի պատվավոր ժյուրիի անդամ Դիսնեյի ռեժիսոր Աարոն Բլեյզը MarAni-ի շրջանակում հանդիսատեսի հետ կիսվել է անիմացիայի ոլորտում ունեցած իր փորձի և նորարարական մոտեցումների մասին։ Խոսելով երիտասարդ հայ անիմատորների ներուժի մասին` նա նշել է․ 

«Ինձ շատ դուր եկավ, որ նրանք այդքան ոգեշնչված էին ֆիլմեր ստեղծել և իրենց պատմությունը ներկայացնել։ Հրաշալի մասնագետներ տեսա, ովքեր հիշեցրին ինձ այդ տարիքում, երբ ես շատ ոգևորված էի այս կարիերան ընտրելու հարցում։ Կարծում եմ՝ անիմացիայի ոլորտը գնալով կզարգանա ոչ միայն հայ, այլև այլազգի մասնագետների շնորհիվ, քանի որ ավելի շատ հասանելիություն կա ոլորտին և անիմացիոն շուկան նշանակալի աճ է գրանցում»։

MarAni հարթակի այս տարվա առանցքում էին նաև անիմացիայում AI, VR և այլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության շուրջ քննարկումները։ 

VR անիմատոր Դեն Ֆրենկը կիսվել է անիմացիայի ավանդական գործիքներից VR տեխնոլոգիաներին անցնելու իր փորձառությամբ՝  նշելով, որ VR գործիքներն ավելի արդյունավետ են և նորանոր պատմություններ ստեղծելու հնարավորություն են տալիս՝ խնայելով ֆինանսական, ժամանակային ու մարդկային ռեսուրսները։

«Տպավորությունը, որ ստացա «ՌեԱ» փառատոնից, այն էր, որ, չնայած հայկական անիմացիոն շուկան դեռ փոքր է, բայց գնալով աճում է: Կարծում եմ՝ հայ անիմատորները, օգտագործելով VR տեխնոլոգիաներ ու նմանատիպ գործիքներ, հնարավորություն ունեն ցատկ անելու և Եվրոպայում ազդեցիկ բան ստեղծելու համար: Գուցե Եվրոպան դառնա VR անիմացիայի կենտրոն՝ մրցելով ԱՄՆ-ի հետ, և Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ դրանում»,-նշել է Դեն Ֆրենկը։ 

ՌեԱ անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնը հյուրընկալել է 300 ֆիլմ 45 երկրից, 35-ից ավելի միջազգային հյուր ու մասնակից, ներկայացուցիչներ հեղինակավոր մի շարք կառույցներից՝ այդ թվում Դիսնեյից,  հետաքրքիր շնորհանդեսներ, կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմեր, վարպետության դասեր, հագեցած ու ընդլայնված ծրագիր։ 

 

Հայերեն English

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի