Հայաստան

Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ համագործակցության հետևողական ընդլայնումը. Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ համագործակցության հետևողական ընդլայնումը. Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

 ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում նշված է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

Ջերմորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։

Այսօրվա տոնին առանձնահատուկ նշանակություն են տալիս հասարակական ներդաշնակության և հանդուրժողականության պայմաններում սոցիալ-տնտեսական և գիտատեխնիկական զարգացման ճանապարհին ունեցած Ձեր երկրի հաջողությունները։ Համաշխարհային ասպարեզում վայելելով արժանի հեղինակություն՝ Ղազախստանը կառուցողական դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում։ Այս ամենում ակնհայտ է Ձեր հետևողականությունն արդար պետություն կառուցելու հայեցակարգային կուրսն իրականացնելու հարցում։

Հայաստանը մեծապես կարևորում է Ղազախստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության հետևողական ընդլայնումը, որն այս տարվա ապրիլին Հայաստան կատարած Ձեր պաշտոնական այցի արդյունքներով ստացել է ռազմավարական բնույթ։ Վստահ եմ, որ Երևանի և Աստանայի՝ մշտապես վստահության և փոխադարձ աջակցության վրա հիմնված համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է Հայաստանի և Ղազախստանի միջև բացել գործընկերության նոր հեռանկարներ, որոնք կհամապատասխանեն մեր պետությունների և ժողովուրդների նպատակներին։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում