Մշակույթ

Մոսկվայում կազմակերպվել է ցուցահանդես՝ «Հայաստանը քաղաքակրթության օրրան» խորագրով

2 րոպեի ընթերցում

Մոսկվայում կազմակերպվել է ցուցահանդես՝ «Հայաստանը քաղաքակրթության օրրան» խորագրով

ՄՈՍԿՎԱ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնում կայացել է «Հայաստանը քաղաքակրթության օրրան» խորագրով ցուցահանդես, որտեղ Մարտիրոս Սարյանի, Գեւորգ Բաշինջաղյանի, Մինաս Ավետիսյանի կտավների կողքին ներկայացված էին նաեւ մոսկվայաբնակ ժամանակակից հայ նկարիչների աշխատանքներ:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ բացման խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն նշել է, որ հին ու հարուստ պատմություն ունեցող Հայաստանը մարդկությանը միշտ հիացրել ու շարունակում է հիացնել քաղաքակրթական ահռելի ժառանգությամբ: 

«Սովորելու և սովորեցնելու մեծ առաքելությունը հայ ժողովրդին միշտ մղել է լինել առաջիների շարքում: Եվ նման միջոցառումները ժամանակի մեջ մի պահ այդ առաքելությունը վերագնահատելու հնարավորություն են ընձեռնում։  Հատկանշական է, որ հատկապես աշխարհի համար այս ծանր ու անցումային ժամանակաշրջանում կրկնակի է կարեւորվում մշակութային ժառանգության արժեքը»,- նշել է Գաբբեն և հավելել, որ ծանրագույն ժամանակները հաղթահարելու և վերածնունդ ապրելու լավագույն միջոցը հենց արվեստն ու մշակույթն են:

Միջոցառմանը, որին մասնակցում էին արվեստասեր համայնքի հայ և օտարազգի ներկայացուցիչներ, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան պատասխանատուներ, հնչել են նաեւ երաժշտական կատարումներ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում