3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կներդրվի աշխատանքային պայմանագրի կնքման թվային համակարգ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
«Այսուհետ աշխատանքային պայմանագրերը կլինեն նույնատեսակ և գրագետ կազմված, հասանելի կլինեն թե՛ աշխատողին, թե՛ գործատուին, ինչպես նաև հնարավորություն կտա Առողջապահության և աշխատանքի տեսչությանը իրականացնել իրենց աշխատանքն ավելի արդյունավետ։ Ինստիտուտի ներդրումը նաև հնարավորություն կտա նվազեցնել փաստաթղթային շրջանառությունը»,-ասաց Ռուբեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ չնայած օրենսգիրքը պահանջում է, որ երկրորդ օրինակը տրամադրել աշխատողին և հստակ պահանջներ կան, թե ինչ բովանադակություն պետք է ունենա, սակայն ոչ բոլոր գործատուներն են դա պահպանում կամ չեն էլ տրամադրում աշխատողին։
«Թվային համակարգի ներդրմամբ դրա հնարավորություն չի լինի և նման խնդիրներն արդեն լուծված կլինեն»,-ասաց Սարգսյանը։
Համակարգը նախատեսվում է ներդնել երկու փուլով՝ կամավոր և պարտադիր: Կամավորը կներդրվի 2025 թվականի հուլիսի 1-ից և կտևի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը. դրանից հետո այն բոլորի համար կլինի պարտադիր:
Թվային համակարգի մուտքը նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով և հանդիսանալու է համակարգի առանձին մոդուլ: Աշխատանքային պայմանագիրն աշխատողին հասանելի կլինի ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման համակարգի միջոցով: Աշխատանքային պայմանագրերի կնքումը թվային համակարգի միջոցով կլինի կողմերի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
Թվային համակարգի կառավարումն իրականացնելու է Պետական եկամուտների կոմիտեն, Տեսչական և հարկային մարմինները ունենալու են հասանելիություն համակարգին՝ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացակարգի շրջանակում և հարկային հսկողության մասով: Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն օտարերկրյա աշխատողի տվյալներին հասանելիություն կտրվի այն ծավալով, որն անհրաժեշտ է օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացման համար: