ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիգայի հայտնի պատմական կառույցներից մեկի՝ «Բանիամինի տուն» սրահում տեղի է ունեցել «Փարաջանով․ աշխարհներ՝ սցենարներ և նամակներ զոնայից» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ միջոցառումը կազմակերպվել է Լատվիայում ճանաչում ունեցող հայազգի նկարչուհի-արվեստագետ Կարինե Պարոնյանցի կողմից՝ Հայաստանի դեսպանության հետ սերտ համագործակցությամբ։
«Գրքի համահեղինակներ են Կարինե Պարոնյանցը և Իլզե Պաեգլե-Մկրտչյանը։
Ներկա էին Լատվիայի ԱԳՆ պաշտոնյաներ, Ռիգայում հավատարմագրված երկրների դիվանագետներ, արվեստի և մշակույթի գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։
Միջոցառումն ուղեկցվում էր դուդուկահար Տիգրան Թումանյանի կողմից հնչեցվող Սայաթ- Նովայի ու Կոմիտասի երաժշտությամբ։
Գրքից հատվածներ ընթերցեցին Լատվիայում ճանաչված դերասան Գունդար Աբոլինշի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ գրքի տպագրությանը աջակցել են Լատվիայի պետական մշակութային հիմնադրամը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ու Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը։
Միջոցառման ավարտին դեսպանության կողմից կազմակերպվել է ընդունելություն։
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ցանկում է եղել Լատվիայում հայտնի «Ռունդալե» պալատ-թանգարանում Կարինե Պարոնյանցի կազմակերպած և Փարաջանովին նվիրված իր նկարների ցուցահանդեսը, որն ուղեկցվել է դեսպանության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ։
«Փարաջանով․ աշխարհներ՝ սցենարներ և նամակներ զոնայից» գրքի շնորհանդեսին իր էջում անդրադարձել է ներկայումս Հունաստանում, նախկինում Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ նշելով, որ շնորհանդեսը կայացել է Ռիգայի Միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Ըստ նրա՝ գիրքը ներկայացնում է Փարաջանովի սցենարների և նամակների ընտրանին, որոնք արտացոլում են հանճարեղ արվեստագետի կյանքի երեք փուլերը՝ Վրաստան, Ուկրաինա, Հայաստան։ Դեսպանի տեղեկացմամբ՝ իր կինը՝ Իլզե Պաեգլե-Մկրտչյանը գրքի թարգմանիչն է։ Գրքի ձևավորումը կատարվել է Ալեքսեյ Մուրաշկոյի կողմից: Այն հրատարակվել է Pētergailis հրատարակչությունում։ Գրքի և շնորհանդեսի աջակիցներից է նաև Պավել Սայադովը: «Շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի իրադարձության կապակցությամբ։ Լատվիայում գրական շրջանակներում գիրքը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել արդեն, ինչը հաջողության ցուցանիշ է»,- նշել է դեսպան Մկրտչյանը։