Սպորտ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը հրաշալի տոնակատարություն է համարում Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը հրաշալի տոնակատարություն է համարում Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորում է Համահայկական ձմեռային խաղերի անցկացումը 11 տարվա դադարից հետո և հրաշալի տոնակատարություն համարում դրանց բացման արարողությունը:

«Կարծում եմ, իրոք, հրաշալի տոնակատարություն ստացվեց: Հատկապես տպավորիչ էր Ջերմուկում ունենալ այս բեմը, այս տարածքում: Շատ բարձր տրամադրություն է: Իհարկե, խոսում ենք սպորտի մասին, խոսում ենք մրցումների մասին, և հաղթանակը շատ կարևոր է, բայց ակնհայտ է, որ մասնակցությունն արդեն իսկ լուրջ հաջողություն է մասնակից մարզիկների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Անդրեասյանի խոսքով` այս տարի Համահայկական ձմեռային խաղերին մասնակցում են նաև մարզիկներ այնպիսի երկրներից, որտեղից նախկինում չեն եղել: 

«Կարևորում եմ նաև այն, որ կարողացանք ձմեռային խաղերի այս տարբերակը  երկրորդ անգամ կազմակերպել, քանի որ առաջին անգամ խաղերն անցկացվել էին 11 տարի առաջ և այլևս չեն կազմակերպվել: Սպորտի ռազմավարությամբ ևս մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս ձմեռային մարզաձևերի զարգացմանը»,- ընդգծեց նա:

Անդրեասյանը պատրաստվում է Ջերմուկում ներկա լինել Համահայկական խաղերի մի քանի մրցումների, մասնավորապես, ձնամարտի մրցաշարին:

Համահայկական առաջին ձմեռային խաղերը կայացել էին 2014 թվականին: 11 տարի անց մեկնարկած երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքներից: Առաջին խաղերին, որոնք կայացել էին Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում կանցկացվեն հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մրցումներ: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերը կանցկացվեն Ապարանի տարածաշրջանում և Երևանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում