Մարզեր

Առողջապահության նախարարը կանանց ուշադրությունը հրավիրել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված ծրագրերի վրա

2 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարը կանանց ուշադրությունը հրավիրել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված ծրագրերի վրա

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վանաձորյան «ԼՈՖԹ» կենտրոնում հանդիպել է մարզի կանանց հետ` կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկվածությունը բարձրացնելու և պարբերական հետազոտությունների կարևորությունն ընդգծելու նպատակով: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը կանանց ուշադրությունը հրավիրել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված ծրագրերի վրա: 

Անդրադարձ է եղել նաև հաստատված քաղցկեղի դեպքում անհրաժեշտ անվճար բժշկական միջամտություններին, դեղորայքային բուժման պետական աջակցության ծրագրերին: 

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Վանաձորի բժշկական կենտրոնը կունենա նաև մամոգրաֆիկ ստացիոնար ծառայություն։

Ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդատու Հայկուհի Գեոկչյանը ներկայացրել է վիճակագրական տվյալները, կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնները, խոսել ախտանիշների, ինքնազննման և կանոնավոր հետազոտությունների անհրաժեշտության մասին: 

Միջոցառմանն է միացել նաև ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը, ով իր և իր հարազատների օրինակով ընդգծել է հետևողական լինելու դերը առողջությունը պահպանելու համար: 

Լոֆթյան անմիջական մթնոլորտում կանայք հնարավորություն են ունեցել ոչ միայն կրծքագեղձի, այլև ընդհանուր առողջության վերաբերյալ իրենց հուզող հարցերն ուղղել բանախոսներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում