Եվրոպա

Հայաստանը Միլանում միասնական տաղավարով մասնակցում է «Պատասխանատու տիեզերական գործունեություն՝ հանուն կայունության» խորագրով ցուցահանդեսին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը Միլանում միասնական տաղավարով մասնակցում է «Պատասխանատու տիեզերական գործունեություն՝ հանուն կայունության» խորագրով ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայի Հանրապետության Միլան քաղաքում հոկտեմբերի 14-18-ը տեղի է ունենում «Տիեզերագնացության միջազգային 75-րդ համաժողովը», որը կազմակերպվել է «Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի» կողմից։ 

Ավելի քան 70 տարվա պատմություն ունեցող այս կազմակերպությունը համախմբում է տարբեր երկրների ազգային տիեզերական գործակալություններին, ոլորտային ընկերություններին, ինչպես նաև փորձառու և երիտասարդ մասնագետներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ համաժողովի շրջանակում անցկացվող ցուցահանդեսին, որի խորագիրն է «Պատասխանատու տիեզերական գործունեություն՝ հանուն կայունության», Հայաստանը մասնակցում է միասնական տաղավարով՝  ներկայացնելով 4 ընկերություն։  

Համաժողովի ծրագիրը ներառում է թեմատիկ քննարկումներ, սեմինարներ և նիստեր, որոնց մասնակցում են առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր պետությունների տեխնոլոգիական ոլորտը համակարգող պետական պաշտոնյաներ։ 

Միջոցառումը եզակի հարթակ է տիեզերագնացության և հարակից տեխնոլոգիական ոլորտների ընկերությունների համար՝ ցուցադրելու իրենց լավագույն լուծումները, ստեղծելու համագործակցության նոր հնարավորություններ և հաստատելու կապեր հայտնի գործիչների և որոշումներ կայացնողների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում