Հայաստան

Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեի տեսլականն է համարում արագ և որակյալ նախաքննության ապահովումը

2 րոպեի ընթերցում

Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեի տեսլականն է համարում  արագ և որակյալ նախաքննության ապահովումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խոսեց կոմիտեի նպատակների և ապագայի տեսլականների մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տարեդարձի կապակցությամբ Քյարամյանը նշեց, որ կառույցի ամենավեհ նպատակը համարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ավելի արդյունավետ ծառայությունների մատուցումը։

«Յուրաքանչյուր անձ, ով դիմում է իրավապահ համակարգին` վստահություն է հայտնում պետությանը, պետք է արագ և որակյալ ծառայություններ ստանա այդ համակարգից։ Քրեական վարույթներով օրենքով պաշտպանված շահ ունեցող անձինք պետք է հուսախաբ չլինեն։

Քննչական կոմիտեի ապագայի մեր տեսլականն է ավելի արագ և որակյալ նախաքննության ապահովումը, իսկ ինչպե՞ս մենք կարող ենք ավելի արագ և արդյունավետ նախաքննություն իրականացնել՝ որակյալ կադրեր ունենալով, սա է մեր առաջնահերթությունը։ Մենք պետք  է ամեն ինչ անենք, որպեսզի Քննչական կոմիտեն կարողանանք համալրել որակյալ կադրերով, մենք պետք է շարունակաբար բարձրացնենք մեր կառույցի գրավչությունը»,- ասաց Քյարամյանը։

ՔԿ նախագահի համոզմամբ՝ իր պատմության երկրորդ տասնամյակ Քննչական կոմիտեն թևակոխում է որպես զարգացման ու կատարելագործման ուղին բռնած համակարգ։

«Այս արձանագրմանը հնարավոր է եղել հասնել համակարգի նվիրյալների անձնվեր ու պատվախնդիր աշխատանքի շնորհիվ։ Տոնական այս օրը ցանկանում եմ շնորհակալության և երախտագիտության ջերմ խոսքեր ուղղել պարո՛ն վարչապետ Ձեզ՝ Քննչական կոմիտեի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար, Կոմիտեի ստեղծման և կայացման գործում անուրանալի ավանդ ունեցող անձանց, համակարգի վետերաններին և, իհարկե, իրենց ամենօրյա աշխատանքով կառույցի հեղինակությունն ու բարի համբավը կերտող արժանապատիվ ծառայողներին՝ կարևորելով բոլորի ներդրումը Կոմիտեի կայացման և համակարգում աշխատանքային բարի ավանդույթների ձևավորման գործում»,-եզրափակեց Քյարամյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում