Իրավունք

ՀՀ ՔԿ նախագահը և Բելգիայի դեսպանը քննարկել են հանցավորության մի շարք տեսակների դեմ պայքարում հնարավոր գործակցության հեռանկարները

3 րոպեի ընթերցում

ՀՀ ՔԿ նախագահը և Բելգիայի դեսպանը քննարկել են հանցավորության մի շարք տեսակների դեմ պայքարում հնարավոր գործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին և Բելգիայի դաշնային ոստիկանության և Միջազգային ոստիկանական համագործակցության տնօրինության 1-ին գլխավոր տեսուչ Ֆրանկ Դեբյուշերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Հայաստանում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ շնորհավորելով Էրիկ Դե Մույնքին՝ Կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու բարեկամ երկրների միջև բազմակողմ հարաբերությունների զարգացմանը։ 

«Արգիշտի Քյարամյանը նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեն շահագրգռված է հատկապես իրավական փոխօգնության, փորձի և տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև` անդրազգային հանցավորության դեմ պայքարում Բելգիայի իրավասու մարմինների հետ սերտ փոխգործակցություն հաստատելու հարցում։ Դրա համար կարևոր նախադրյալ է ստեղծում այն, որ նախընթաց ժամանակահատվածում ՀՀ ՔԿ-ի կողմից Բելգիայի իրավասու մարմիններին ուղարկված իրավական օգնության բոլոր հարցումներն արժանացել են օպերատիվ արձագանքի և անկատար չեն մնացել։ 

Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանում դեսպանատուն բացելու` Բելգիայի Թագավորության կառավարության որոշումը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացման կարևոր ազդակ է։ Վստահություն հայտնելով, որ դրա արդյունքում նոր լիցք կստանա նաև համագործակցությունը իրավապահ ոլորտում` Էրիկ Դե Մույնքը նշել է, որ իր այցը ՀՀ քննչական կոմիտե նպատակ ունի որոշակիացնելու այն կարիքներն ու ոլորտները, որոնց ուղղությամբ ջանքերի համատեղումն առավել նպատակային կարող է լինել»,- ասվում է հաղորդագրության մեջ։   

Ըստ աղբյուրի՝ Ֆրանկ Դեբյուշերը հավելել է, որ իրավապահ ոլորտում հետագա կապերի ամրապնդումը միջազգային հանցավորության դեմ պայքարում կարողությունները զարգացնելու հիմք է, ինչին ուղղված է լինելու նաև իր հետագա գործունեությունը։ 

Հանդիպման շրջանակներում Արգիշտի Քյարամյանը հյուրերին ընդհանուր գծերով ծանոթացրել է Քննչական կոմիտեի գործառույթներին, առաջնահերթություններին և համակարգում կատարված բարեփոխումներին։

Նշվում է, որ քննարկվել են կիբեռհանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կրիպտոարժույթներով փողերի լվացման, ինչպես նաև՝ ապօրինի միգրացիայի դեմ պայքարում հնարավոր գործակցության մեխանիզմներն ու հեռանկարները։  

Կարևորվել է Բրյուսելում 2024թ. ապրիլին ստորագրված՝ իրավական համագործակցության ոլորտում ՀՀ իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև ստորագրված համաձայնագիրը, որը նոր մակարդակ է տեղափոխում քրեաիրավական ոլորտում Հայաստանի և ԵՄ միջև հարաբերությունները։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում