Արգիշտի Քյարամյան

Վերջին շրջանում կրկնակի ավելացել է աշխատանքի ընդունվելու համար ՔԿ դիմողների թիվը. ՔԿ նախագահ

2 րոպեի ընթերցում

Վերջին շրջանում կրկնակի ավելացել է աշխատանքի ընդունվելու համար ՔԿ դիմողների թիվը. ՔԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխության արդյունքում գրեթե կրկնապատկվել է Քննչական կոմիտեի ծառայողների աշխատանքի վարձատրությունը, նույն կերպ շեշտակի աճել է նաև՝ ՔԿ ծառայողների կենսաթոշակը և նվազեցվել է կենսաթոշակի անցնելու տարիքը, ինչի հետևանքով նկատելիորեն աճել է Կոմիտեում ծառայության գրավչությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանն այս մասին ասաց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։

«Վերջին շրջանում կրկնակի ավելացել է աշխատանքի ընդունվելու համար Քննչական կոմիտե դիմողների թիվը, որն իր հերթին հնարավորություն է տվել ներդնելու համակարգում ծառայության անցնելու ցանկություն ունեցողների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների, նրանց հոգեբանական ու բարոյական որակների ստուգման ու գնահատման ավելի բարձր չափորոշիչներ»,- նշեց Քյարամյանը։

Նրա խոսքով՝  Քննչական կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացմանն էր միտված նաև՝ Կառավարության ընթացիկ տարվա մայիսին ընդունված որոշմամբ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադրումը։

«Այն հնարավորություն է տալու բարձրացնել քննիչների կողմից ապացուցողական և վարութային այլ գործողությունների իրականացման ընթացքում ցուցաբերվող փորձաքրեագիտական օժանդակության արդյունավետությունը, ինչպես նաև ապահովել ավելի արագ նախաքննության իրականացում»,- ասաց Քյարամյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում