Մեղադրանք է ներկայացվել քրեական ենթամշակույթ կրող անձին ու ևս երկու հոգու. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է Երևան քաղաքի 43–ամյա բնակչին պատկանող հողատարածքը անվանափոխելու հարցի հետ կապված քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին դիմելու, շորթման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Քննչական կոմիտեն:

«Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 47–ամյա բնակիչը ՍՊ ընկերությանը պատկանող՝ Գյուրջյան փողոցում գտնվող հողատարածքի մի մասի վրա անօրինական կերպով կառուցել է շինություն, որի վերաբերյալ տարաձայնություններ  է ունեցել  հիշյալ ընկերության տնօրենի՝ Երևանի 43–ամյա բնակչի, և վերջինիս եղբոր հետ։ 43–ամյա տղամարդը առաջարկել է օրենքով սահմանված կարգով լուծել հիշյալ հասցեում գտնվող հողատարածքի վերաբերյալ ծագած խնդիրը, սակայն 47–ամյա տղամարդը, չհամաձայնվելով վեճի լուծման հիշյալ տարբերակին, դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից անձի՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով, իր ենթադրյալ իրավունքն իրականացնելու համար: Վերջինս, օգտվելով իր քրեական աստիճանակարգության կարգավիճակից, խնդիրը լուծելու պատրաստակամություն է հայտնել։

Քրեական ենթամշակույթ կրող հիշյալ անձը, 47–ամյա տղամարդու և մի խումբ անձանց հետ, 2024 թվականի հունվարից մարտ ամիսների ընթացքում, գնացել են վերոնշյալ հողատարածք, որտեղ հանդիպել են ՍՊ ընկերության տնօրենին և նրա եղբորը։ Հիշյալ անձինք, նախնական համաձայնությամբ, գիտակցելով և փոխլրացնելով միմյանց գործողությունները, նշված հողատարածքը 47–ամյա տղամարդու անվամբ անվանափոխելու վերաբերյալ պահանջ են ներկայացրել եղբայրներին՝ վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, այն է՝ հողատարածքի նկատմամբ իրավունքը 47–ամյա տղամարդուն չհանձնելու դեպքում՝«սպանել» նրանց»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական ենթամշակույթ կրող անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ 47–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, ևս մեկ անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։

Հիշյալ երեք մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։ 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին