Մշակույթ

Գյումրիում բացվեց «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը

9 րոպեի ընթերցում

Գյումրիում բացվեց «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կայացավ «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» խորագրով ցուցադրության բացումը։

Ցուցադրությունը, որը կգործի մինչև հոկտեմբերի 18-ը, հնարավորություն կտա ևս մեկ անգամ վերհիշելու Հայաստանում 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները՝ սպորտային և մշակութային նվաճումներից մինչև քաղաքական կարևորագույն զարգացումներ, համաշխարհային մեծության դեմքերի այցելություններ, պատմամշակութային հուշարձանների վերակառուցումից մինչև գիտություն ու ավելին։ 

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին խորհրդանշական օրը գործակալության կողքին լինելու համար:  

Նազարյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ երբեմնի հմայքը վերագտնելու, փլատակներից ու մոխրից հառնելու Գյումրիի օրինակը մեզ պետք է առաջնորդի դեպի անվերջ ստեղծագործականություն, անվերջ արարում, երբեք չհանձնվելու ու բարի ընթացք կերտելու մղում: 

«Պատահական չէ, որ «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» խորագրով ցուցադրությունը Հայաստանի երկրորդ քաղաքում է՝ մայրաքաղաքից հետո երկրի տասնամյակների պատմության քաղցր ու դառը օրերի հաղորդակիցը դարձնելու գյումրեցիներին ու Գյումրիի հյուրերին: «Դարի վավերագրություն» խորագրով արխիվային լուսանկարների ցուցադրությունը յուրահատուկ վիզուալ ճանապարհորդություն է, հնարավորություն` պատկերների միջոցով մեր գիտակցության մեջ վերստեղծելու այն բոլոր կարևոր իրադարձությունները, որոնց մասին լսել ենք ու կարդացել, որոնց համար հուզվել ենք ու աղոթել, որոնք պարզապես ապրել ենք»,- ասաց Նազարյանը:  

Նա հավելեց, որ «Արմենպրես» լրատվական գործակալությունը 106 տարեկան է, «Արմենպրես»-ի ֆոտոծառայությունն էլ այս տարի կտոնի հիմնադրման 65 ամյակը:  

«Մենք խորապես գիտակցում ենք դարի ստեղծած ժառանգության կրողները լինելու մեր պատասխանատվությունը: Այս ցուցադրության պատրաստումը մեր ունեցածը վերաարժևորելու ևս մեկ առիթ էր: «Արմենպրես»-ում պահպանվող միլիոնավոր ժապավեններն ու թվայնացված լուսանկարները պահոցներում մնալու իրավունք չունեն. դրանք տարբեր նախաձեռնություններով կդառնան հանրության սեփականությունը: Մենք ծրագրում ենք պարբերաբար ներկայանալ թեմատիկ ցուցադրություններով: Եվ այդ ցուցադրությունները նաև մարզեր տանելու մեր ավանդույթը պահպանելով՝ խոստանում ենք նոր հանդիպումներ»,- հավելեց Նազարյանը:

«Արմենպրես»-ի տնօրենի խոսքով՝ «Դարի վավերագրություն» խորագրով ցուցադրությունը ի սկզբանե պատրաստվել է 9 տասնյակից ավելի լուսանկարներով, այստեղ ցուցադրված է մոտ 45 լուսանկար, դրանք ներկայացնում են 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները։  

«Գյումրին մի ցավոտ, բայց լուսավոր կտոր է այս պատմության մեջ: Բարի վայելում եմ մաղթում բոլորին»,- եզրափակեց Նազարյանը: 

Հրավիրյալների թվում էին Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանը և Ալբերտ Այվազյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, քաղաքապետարանի աշխատակիցները և այլ հյուրեր: 

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն իր խոսքում ողջունեց ցուցահանդեսի գաղափարը՝ ընդգծելով, որ գյումրեցիները սպասում էին այս միջոցառմանը:

«Ձեր արխիվում շատ կարևոր պատմական հիշողություններ են գեներացված Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ հանրապետությունների կարևորագույն պատմական դրվագների, դեպքերի և դեմքերի մասին: Մենք դեռ կվայելենք այս ցուցադրությունը, բայց թեկուզ հպանցիկ նայելով՝ մեր մտապատկերում, կարծես, վեր է հառնում անցյալը և ամբողջանում, թե ինչպիսի իրադարձություններ են կատարվել տասնամյակներ առաջ: Վերամարմնավորվում է, վերամոդելավորվում են նաև պատմությունը, Հայաստանի տարբեր ժամանակաշրջանների դրվագները, դրանցում էական դեր ունեցող անձինք, որոնցից շատերին նայում ենք ժպիտով, մեր մեջ բարի հիշողություններ են արթնանում կամ նույնիսկ վերապրում ենք այն, ինչ պատմել են մեզ այդ ամենի մասին: Այժմ կարող ենք ավելի վիզուալ տեսնել և զգալ, թե ինչպես են կառուցվել Տաթևի վանքն ու Գառնիի տաճարը: Ես շատ էի սպասում, որ արխիվային լուսանկարներում կտեսնեմ հենց Գառնիի տաճարի շինարարությունը, և ուրախությամբ տեսա այդ լուսանկարը: Գուցե, ֆոտովավերագրության հետ մեկտեղ ևս մեկ ձեռագիր է կերտվել նաև լրագրության ոլորտում՝ զուտ պատկերավոր ինֆորմացիան մարդկանց հասցնելու առումով»,- ասաց Մարտիկյանը:

Նա հույս հայտնեց, որ գյումրեցիները և Շիրակի մարզի մյուս բնակավայրերի բնակիչները հնարավորություն կունենան վերհիշել պատմությունը «Արմենպրես»-ի կողմից ավանդած ժառանգությամբ և ևս մեկ անգամ անցյալից ներկա կարևոր շղթան վերապրել:

Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն իր հերթին նշեց, որ իրենց համար շատ կարևոր նշանակություն ունեն Ասլամազյան քույրերի անվան ցուցասրահում կազմակերպված բոլոր ցուցահանդեսները, որովհետև սրահի թիվ մեկ առաքելությունը հենց նմանօրինակ միջոցառումներ հյուրընկալելն է և ազատ հարթակի տրամադրումը բոլոր այն ձեռնարկներին, որոնց համար այլ տարածքներ գտնելը երբեմն ավելի բարդ է: 

«Այս վավերագրության էջերում շատ հարազատ անուններ կան, և հիմա մեզ նկարներից նայում են նաև արմատներով գյումրեցիներ և շատ կարևոր մարդիկ մեր կյանքում: Հետաքրքիր է, որ այս լուսանկարներն ամենատարբեր ձեռնարկներում արդեն օգտագործել ենք, բայց չենք իմացել, որ դրանք «Արմենպրես»-ի արխիվային կադրերն են: Հիմա արդեն տեղեկացված ենք նաև այդ իմաստով, և Գյումրիի քաղաքապետի հետ քննարկում էինք նաև հետագա համագործակցության հնարավոր տարբերակներ՝ պատշաճ հղումներով խնդրել ձեր լուսանկարները և մեր ամենատարբեր ցուցադրություններում ու մշակութային ձեռնարկներում ներկայացնել, որովհետև բոլոր մարդկանց և իրադարձությունների հետ կապված որոշակի անդրադարձներ ունեցել ենք և, եթե իմանայինք, որ այդ լուսանկարները ձեզ մոտ են և պետք է ձեզնից խնդրենք հեղինակային իրավունքով դրանք օգտագործել, վստահ եմ՝ նոր գաղափարներ կծնվեին»,- ասաց Թովմասյանը: 

Նա կարևորեց այն հանգամանքը, որ ցուցադրությունը լինելու է բաց բոլոր գյումրեցիների և Գյումրիի հյուրերի առջև՝ անվճար մուտքով, և ցանկացած ոք մինչև հոկտեմբերի 18-ը կկարողանա ծանոթանալ այս բացառիկ արխիվային կադրերին և ժպտալ, որովհետև բոլոր կադրերը, Թովմասյանի բնորոշմամբ, իրենց մեջ յուրահատուկ ժպիտ են պարունակում և պատմության նկատմամբ բոլորի հուշերն են արթնացնում: 

106 տարի շարունակ «Արմենպրես»-ը վավերագրում, հանրությանն է ներկայացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններն ու զարգացումները: Մատը զարկերակին պահելով՝ գործակալությունը հանրահռչակում է և՛ դեմքերը, և՛ դեպքերը: «Արմենպրես»-ի լուսանկարիչների սուր աչքից չի վրիպում ոչ մի նշանակալի միջոցառում, ոչ մի ականավոր անհատ, ինչի շնորհիվ գործակալությունը հարուստ արխիվ ունի: Հենց այդ արխիվի հետաքրքրաշարժ դրվագները «Արմենպրես»-ի հիմնադրման օրը՝ դեկտեմբերի 18-ին, գործակալությունը ներկայացրեց հիմնադրման 105-ամյակին (2023 թվականի դեկտեմբերի 18-ին) նվիրված «Դարի վավերագրություն» ցուցահանդեսում, որը մեկ հարկի տակ էր համախմբել և՛ պաշտոնյաների, և՛ հասարակական, քաղաքական գործիչների, և՛ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների: 

Ցուցահանդեսն առաջիկայում կներկայացվի հանրապետության այլ մարզերում։ 

Մանվել Մարգարյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում