«Երեմյան Փրոջեքթս»-ի ֆերմա են այցելել Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ երկրների 40 բարձրաստիճան պաշտոնյա
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեմյան Փրոջեքթս»-ի Լոռու մարզի Տաշիր համայնքում գործող գերժամանակակից անասնապահական համալիր հոկտեմբերի 2-ին այցելել են Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրներից ավելի քան 40 բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, բիզնեսի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական ներկայացուցիչներ։ Այցը կազմակերպվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) 2024 ծրագրի շրջանակում, որի նպատակն է դյուրացնել երկխոսությունը և համագործակցությունը մասնակից երկրների և Հայաստանի միջև՝ կենտրոնանալով գյուղատնտեսության, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ), վերականգնվող էներգիայի, զբոսաշրջության, ՍԹԵՄ կրթության և գինեգործության ոլորտների վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակիցները «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի, ընկերության Գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանի, Մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն, գլխավոր տնօրենի տեղակալ Լուսինե Երեմյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին ֆերմայում, ծանոթացան արտադրության և որակի միջազգային չափանիշներին համապատասխանեցված նորարարական ու գերժամանակակից անասնապահական համալիրին, որը հագեցած է գյուղատնտեսական առաջադեմ տեխնոլոգիաներով, ավտոմատ համակարգերով ու սարքավորումներով։
Լոռու մարզ այցի ընթացքում ծրագրի մասնակիցները նաև հյուրընկալվեցին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամում (ՔՈԱՖ)՝ մասնակցելու «Նորարարական գյուղատնտեսություն. Կայուն գյուղատնտեսության օրինակներ՝ պարենային անվտանգության բարելավման համար» խորագրով պանելային քննարկմանը։ Վերջինիս ընթացքում «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը կիսվեց ընկերության ռազմավարությամբ, գյուղատնտեսական նախագծերի բիզնես մոդելով, որդեգրած քաղաքականությամբ և հայեցակարգերով։
Դավիթ Երեմյանը մասնավորապես ներկայացրեց «Սերմից՝ սեղան» հայեցակարգը.
««Սերմից՝ սեղան» հայեցակարգով մենք վերահսկում ենք կաթնարտադրության յուրաքանչյուր փուլ, ինչի արդյունքում նպաստում ենք պարենային անվտանգության ապահովմանն ու ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարմանը։ Մոդելը նաև օրինակ է, որը թույլ է տալիս զարգացնել ժամանակակից անասնաբուծություն. մենք մեր գործունեությամբ փոխում ենք կարծրատիպեր, արտադրում ու լայն սպառման շուկայում հասանելի ենք դարձնում ամենաբարձր որակով կաթ ու կաթնամթերք, ձևավորում որակյալ կաթ խմելու նոր մշակույթ»»,-նշել է Դավիթ Երեմյանը։
Նշվում է, որ «Ամերիկյան պետությունների մրցունակության փոխանակում» (ACE) հեղինակավոր ծրագիրը միավորում է բարձրաստիճան պետական պաշտոնյաներին, բիզնես առաջնորդներին, քաղաքականություն մշակողներին և ձեռներեցներին ամբողջ ամերիկյան մայրցամաքից: Այս բարձրաստիճան միջոցառումը կազմակերպվում է Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո և ծառայում է որպես տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական համագործակցության խթանման հարթակ: