ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բովանդակությունը պետք է լինի միջազգայնորեն հանրահայտ սկզբունքների շրջանակում, և պետք է հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը հետագա ռազմական պլաններ ունի Հայաստանի նկատմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդպիսի վերլուծություններ կան, սակայն պետք չէ շեղվել Հայաստանի որդեգրած ռազմավարությունից։
«Մենք որդեգրել ենք ռազմավարություն և պետք է հետևողականորեն գնանք այդ ռազմավարությամբ։ Ի՞նչ է ասում Ադրբեջանը, ի՞նչ չի ասում՝ չեմ ասում, որ պետք է չլսենք, բայց, մյուս կողմից, չի նշանակում, որ Ադրբեջանի ամեն ասածից մեր ռազմավարությունը պետք է փոխենք։ Ոչ, մեր ռազմավարությունը պետք է չփոխվի, և մենք հետևողական պետք է առաջ տանենք խաղաղության օրակարգը և պետք է մեզնից կախվածը անենք, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի։
Այն, որ Ադրբեջանը նոր թեմաներ է բերում դաշտ, դա նշանակում է, որ, այո, Ադրբեջանը այդքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու, և մեր քաղաքական խնդիրն է փոխել ընդհանուր միջավայրը և մթնոլորտը, որպեսզի խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնա իրատեսական»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանի հայտարարությունների իմաստն այն է, որ Հայաստանը շեղվի իր ռազմավարությունից։
«Մենք մեր ռազմավարությունից չենք շեղվելու՝ անկախ նրանից, թե այդ հայտարարությունները կհնչեն ներսում թե դրսում գտնվող ուժերի կողմից։
Ես խաղաղությունը երաշխավորում եմ խաղաղության օրակարգի հետևողական, անհոգնել, սկզբունքային, առանց շեղվելու իրականացմամբ»,- եզրափակեց Փաշինյանը։