Եթե Ալիևն իրոք խաղաղություն է ուզում, գնդակը վաղուց Ադրբեջանի դաշտում է․ ԱԺ նախագահ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը միջազգային հանրությանն առաջարկում է Ադրբեջանի գործընկերների հետ խոսել արդեն իսկ համաձայնեցված կետերով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա պայմանագիրը հենց այսօր համաձայնեցված կետերով կնքելու առումով»,-ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը հիշեցրեց՝ Ադրբեջանի իր գործընկերն է իրեն ասել, որ առաջարկում են 5 սկզբունքների հիման վրա պայմանագիր կնքել, ինչին ի պատասխան ինքը հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է այդ սկզբունքներին:
«Հիմա կա առնվազն 13 համաձայնեցված սկզբունք: Եվ մենք նորից առաջարկում ենք, կոչ ենք անում միջազգային հանրությանը խոսել սրա մասին Ադրբեջանի գործընկերների հետ : Եթե Ադրբեջանն իրոք տարածքային նկրտումներ չունի, եթե Ադրբեջանի ղեկավարն իրոք ուզում է խաղաղություն տարածաշրջանում, գնդակն արդեն շատ վաղուց գտնվում է ադրբեջանական դաշտում: Մենք սպասում ենք պաշտոնական Բաքվի արձագանքին»,-ասաց ԱԺ նախագահը:
Նա նկատեց, որ արդեն միջազգային տարբեր գործընկերներ խաղաղության պայմանագրի կնքման համար հարթակներ են առաջարկում:
Սիմոնյանը հավելեց՝ պետք է միմյանց ավելի շատ լսել: «Ես ուզում եմ, որ ադրբեջանական կողմը մեզ ավելի շատ լսի և ավելի շատ բան հասկանա: Միգուցե, անցած պատմության պատճառով մտավախություններ ունեն: Հայկական կողմը պատրաստ է և փորձում է հասկանալ, հասկանում է շատ բաներ, որ ադրբեջանական կողմն է ասում: Սա արդեն արհեստավարժ լինելու և կամքի հարցն է»,-ասաց նա՝ շեշտելով, որ գլխավոր խոչընդոտը հիմա Ադրբեջանի մոտ կամքի բացակայությունն է։