ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 1-ից գումարվող նիստի օրակարգում ընդգրկված է 19 հարց:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ու մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:
Առաջին ընթերցմամբ կքննարկվեն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ու այլ օրենքների նախագծեր:
Լիագումար նիստում քննարկման կդրվի նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագրի վավերացման հարցը:
Պատգամավորները կքննարկեն նաև Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: