Ներկա փուլում Թուրքիան շահագրգռված է, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն և կնքվի խաղաղության պայմանագիր. թուրքագետ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներկա փուլում Թուրքիան շահագրգռված է, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն ու ստորագրվի խաղաղության պայմանագիր։ Թուրքիան պատրաստ է որոշակի քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ վերոհիշյալ պայմանագրի ստորագրումից հետո, հետևաբար, կհորդորի Ադրբեջանին, որպեսզի հնարավորինս արագ կատարի այդ քայլը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով ՄԱԿ-ում կայացած Փաշինյան-Էրդողան հանդիպմանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին։ 

«Երկու երկրների ղեկավարների հանդիպումը վկայում է այն իրողության մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, կանգ չի առել։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ հանդիպում են առաջին դեմքերը։ Միշտ էլ նման գործընթացներում մեծածավալ աշխատանք են կատարում բանագնացները, սակայն ղեկավարների մակարդակով հանդիպումները որոշակի հանգրվան են արձանագրում կամ նոր էջ բացում հարաբերություններում։ Միևնույն ժամանակ, անկախ ամեն ինչից՝ չեմ կարծում, որ Փաշինյան-Էրդողան հանդիպումից կարելի է սպասել սկզբունքային փոփոխություններ Թուրքիայի դիրքորոշման մեջ՝ կապված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ»,- ասաց Սաֆրաստյանը։

Նա հիշեցրեց Էրդողանի կողմից բազմիցս հնչեցրած հայտարարություններն այն մասին, որ Թուրքիան սպասում է, թե երբ կստորագրվի խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև և միայն դրանից հետո քայլեր կձեռնարկի հարաբերությունների կարգավորման առումով։ Սա հրապարակային դիրքորոշում է և դժվար թե Թուրքիան հրաժարվի իր մոտեցումից։ Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ պետք է լինեն առանձնահատուկ իրադարձություններ, որպեսզի Էրդողանը հրաժարվի իր դիրքորոշումից։ 

«Չեմ բացառում, որ Թուրքիան որոշակի ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրի հնարավորինս շուտ։ Բազմիցս արձանագրել եմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումները ՀՀ-ի հետ բանակցային գործընթացի առումով որոշակիորեն տարբերվում են։ Թուրքիան ունի ռազմավարական տեսլական՝ կապված տարածաշրջանում իր դերի հետ, և համոզված է, որ 44-օրյա պատերազմը նոր իրադրություն ստեղծեց Հարավային Կովկասում՝ ուժեղացնելով իր դիրքերը, հետևաբար Թուրքիան շահագրգռված է, որպեսզի հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրվի հնարավորիս արագ և թուրքական կողմին բավարարող իրադրությունը վավերացվի փաստաթղթով։ Մինչդեռ Ադրբեջանի մոտեցումը ոչ թե ռազմավարական է, այլ մարտավարական. այսինքն՝ Բաքուն ավելի մանր խնդիր է լուծում, պարզապես ձգտում է Հայաստանից հնարավորինս շատ բան պոկել, ուստի, շարունակաբար ձգձգում է խաղաղութայն պայմանագրի ստորագրումը»,- նշեց մեր զրուցակիցը։   

Սաֆրաստյանը չի բացառում, որ Թուրքիան, որպես ավագ եղբայր, կփորձի հորդորել Ադրբեջանին, որպեսզի վերջինս արագացնի ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և չխոչընդոտի, ինչպես անում է հիմա։ Այդ առումով Միրզոյան-Բայրամով հանդիպումը նույնպես կարող է որոշակի հստակեցումներ մտցնել այդ հարցում։ 

«Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա պետք է ևս մեկ անգամ հիշեցնեմ Էրդողանի հայտարարությունը, որ հաշտեցման այդ գործընթացը կախված է Ադրբեջանի դիրքորոշումից, ավելի ստույգ՝ Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրումից։ Թուրքիան այստեղ կարծես լվացել է իր ձեռքերը և հասկացրել, որ իր համար ընդունելի է այն ամենը, ինչ կանի Ադրբեջանը՝ խնդիրը դնելով վերջինիս ուսերի վրա։ Մի բան ակնհայտ է, որ պաշտոնական Բաքվի մոտեցումները կառուցողական չեն։ Պարզ է նաև, որ Թուրքիան, ի տարբերություն նախապես արված հայտարարությունների, ՀՀ-ի հետ հարաբերություններն ամբողջությամբ չի կարգավորի, որովհետև շահագրգռված է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ստանա այն պայմաններով, ինչպես ինքն է ուզում, այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանությունն իր սուվերեն տարածքի այդ հատվածի վրա վերացվի։ Այդ պատճառով էլ Անկարան կփորձի իր ձեռքում պահել ինչ-որ բան, որը հնարավորություն կտա, ինչպես իրենք են պատկերացնում, ճնշումը շարունակել Հայաստանի վրա»,-մանրամասնեց թուրքագետը։

Մանվել Մարգարյան 

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան