Հայտնի երաժիշտների կատարումները՝ «Արմենիա» փառատոնի շրջանակում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» փառատոնի շնորհիվ դասական երաժշտության սիրահարները հնարավորություն են ստանում ունկնդրելու աշխարհում հայտնի երաժիշտների կատարումները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արմենիա» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել մեծ համբավ վայելող թավջութակահար Մաքսիմիլիան Հորնունգը։ Համերգային ծրագրում հնչել է երկու թավջութակի կոնցերտ՝ Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 և Ալեքսեյ Շորի Թավջութակի թիվ 3 կոնցերտները։ Նվագախումբը կատարել է նաև Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը։ Համերգը ղեկավարում էր մեծ ճանաչում ունեցող դիրիժոր, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր Նաբիլ Շեհատան։ 

Թավջութակահար Մաքսիմիլիան Հորնունգը, համերգից առաջ ներկայացնելով իր գործակցությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, նշել է, որ առաջին անգամ է համագործակցում նվագախմբի հետ։ Նվագախումբը, թավջութակահարի խոսքով, հյուրընկալ է, կազմակերպված ու կարգապահ, ինչը խիստ կարևոր է։ «Շատ պրոֆեսիոնալ կոլեկտիվ է, որտեղ բոլորը բավականություն են ստանում երաժշտությունից»,-ասում է թավջութակահարը։ 

Խոսելով ներկայացվող ծրագրի մասին՝ Մաքսիմիլիան Հորնունգն ընդգծել է, որ Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտն ինքը կատարել է բազում անգամներ ամենատարբեր նվագախմբերի հետ և շատ ու շատ երկրներում։ Երաժիշտը նշում է, որ Սեն-Սանսի այս ստեղծագործությունն իր հիմնական երկացանկի մաս է կազմում։ Այն շատ հոգեհարազատ է իրեն, այդ է պատճառը, որ անընդհատ ուզում է վերադառնալ այս կոնցերտին։ 

Շորի կոնցերտն, ըստ երաժշտի, թեև վերջին տարիներին է գրվել, սակայն այն տպավորությունն է, որ այն ոչ թե ժամանակակից, այլ դասական ռոմանտիկ դարաշրջանի ստեղծագործություն է։ Թավջութակահարի խոսքով՝ այս կոնցերտն ունկնդիրն անմիջապես ընկալում, հասկանում է՝ տարվելով երաժշտության հնչյուններով։  

Մաքսիմիլիան Հորնունգը ծանոթ է նաև հայ կոմպոզիտորների արվեստին։ Նա նշում է՝ թեև երբեք չի կատարել Արամ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը, սակայն ունկնդրել է այդ կոնցերտի բազմաթիվ ձայնագրություններ և բարձր է գնահատում այն։ Նա նաև ավելացնում է, որ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտն իր՝ ապագայում կատարելիք ստեղծագործությունների ծրագրում է։

«Արմենիա» երաժշտական փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։ Ունկնդրին կներկայացվեն հայ կոմպոզիտորների՝ Տիգրան Մանսուրյանի, Արմեն Սմբատյանի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները։ 

«Արմենիա» 8-րդ երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: Փառատոնի համերգներին մասնակցում են բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնք ծանոթանում են հայկական կատարողական արվեստին, ինչպես նաև հնարավորություն են ստանում Երևանում հանդիպելու աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտների ու վայելելու նրանց կատարումները։ 

 

 

Հայերեն Русский

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ