Հայաստան

Կդյուրինացվեն երկակի կամ ռազմական նշանակության չճանաչված ապրանքների մաքսային ձևակերպումները

3 րոպեի ընթերցում

Կդյուրինացվեն երկակի կամ ռազմական նշանակության չճանաչված ապրանքների մաքսային ձևակերպումները

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նպատակ ունի կրճատել տեխնոլոգիական և ինժեներական ոլորտի ընկերությունների լրացուցիչ վարչարարության և ֆինանսական ծախսերը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարությունը սեպտեմբերի 26-ի նիստի ընթացքում ընդունեց մի նախագիծ, որի նպատակն է իրավական հիմքեր ստեղծել արդեն իսկ փորձաքննության ենթարկված և փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման և դրա հիման վրա մաքսային ձևակերպումների դյուրացման համար։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հիշեցրեց, որ ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաև ՀՀ տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումը ենթադրում են համապատասխան լիցենզիայի և թույլտվության ստացում։ 

«Պարզելու համար, թե արդյոք ապրանքները պատկանում են նշված խմբերին, տնտեսվարողները պատվիրում են դրանց փորձաքննություն՝ նման գործունեության իրականացման համար հավատարմագրված կազմակերպություններում: Փորձաքննության միջոցով պարզվում է, թե արդյոք կոնկրետ ապրանքը ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանված ցանկերում ընդգրկված ապրանք է, թե՞ ոչ։ Ընդ որում, փորձաքննության ենթարկվող ապրանքների զգալի մասի դեպքում պարզվում է, որ դրանք ռազմական կամ երկակի նշանակության չեն, սակայն գործընթացը պետք է իրականացվի՝ մաքսային հայտարարագրումն իրականացնելու նպատակով։ Դա ենթադրում է ֆինանսական և վարչարարական ծախսեր։ Եթե ընկերությունները ցանկանում են 1 օրվա ընթացքում փորձաքննություն իրականացնել, վճարումները կարող են հասնել 60 հազար դրամի»,- ընդգծեց նախարարը։

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախ ներմուծվում և արտահանվում են նույն տեսակի ապրանքներ՝ ՀՀ ՊԵԿ-ը արդեն իսկ հրապարակում է երկակի կամ ռազմական նշանակության չհամարվող ապրանքների ցանկը։ 

«Նշված ցանկի հրապարակումը էականորեն նպաստում է խնդրո առարկա ապրանքների վերաբերյալ մաքսային ձևակերպումների հետ կապված վարչական և ֆինանսական բեռի կրճատմանը, սակայն օրենսդրորեն ամրագրված չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվում և ստացվում ցանկում ներառվող ապրանքները, ինչ պարբերականությամբ է ՊԵԿ-ը թարմացնում ցանկը և ինչ իրավական հետևանք է ունենում ցանկում ապրանքի ներառումը։

Նախագծի նպատակն արդեն իսկ փորձաքննության ենթարկված և փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման և դրա հիման վրա մաքսային ձևակերպումների դյուրացման համար իրավական հիմքերի ստեղծումն է։ Նպատակը լրացուցիչ վարչարարության և ֆինանսական ծախսերի կրճատումն է, գործարար միջավայրի բարելավումը՝ հատկապես տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար»,- եզրափակեց Հայրապետյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում