Վրաստան

ԱՄՆ-ն հետ է կանչել Կոբախիձեի հրավերը՝ մասնակցելու ՄԱԿ-ում Բայդենի կազմակերպած ընդունելությանը. ԶԼՄ-ներ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հետ է կանչել Կոբախիձեի հրավերը՝ մասնակցելու ՄԱԿ-ում Բայդենի կազմակերպած ընդունելությանը. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում աշխարհի տարբեր երկրների ղեկավարների համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից կազմակերպված ընդունելությանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրավերը հետ է կանչվել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից։

Նշվում է, որ վրացի պաշտոնյաները տեղական լրատվամիջոցներին հայտնել են, որ Կոբախիձեն, որը պետք է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենա սեպտեմբերի 26-ին, նախապես հրավիրված է եղել ընդունելությանը, սակայն ավելի ուշ ամերիկյան կողմը չեղարկել է նրա հրավերը։ Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն մերժել է Կոբախիձեի պատվիրակության հետ բոլոր հանդիպումները։

Ըստ վրացական InterPressNews-ի՝ Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ հրավերը չեղարկվել է Վրաստանի կառավարության «հակաժողովրդավարական գործողությունների, ապատեղեկատվության և ԱՄՆ-ի և Արևմուտքի նկատմամբ բացասական հռետորաբանության պատճառով»:

Լրատվամիջոցը մեջբերել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի խոսքերն այն մասին, որ հրավերի չեղարկումն «անլուրջ է»: 

Վրաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ երկրում ընդունվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն, ըստ ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ռուսական է։ Օրենքի ընդունման դեմ Վրաստանում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում