Մերձավոր Արևելք

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութին

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ):

«ԻՊԲ-ն թիրախային հարված է հասցրել Բեյրութին։ Մանրամասները կհաջորդեն», - գրել է ԻՊԲ-ն իր Telegram ալիքում։

Իր հերթին The Times of Israel-ը, հղում անելով լիբանանյան լրատվամիջոցներին, հաղորդում է, որ հարվածը հասցվել է ոչ թե Լիբանանի մայրաքաղաքին, այլ նրա հարավային արվարձան Դահիային, որը համարվում է «Հեզբոլլահ»-ի հենակետը:

ԻՊԲ-ն մեկ այլ հաղորդագրության մեջ նշում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում «շուրջ 2000 զինամթերք է օգտագործել, որպեսզի հարվածներ հասցնի ահաբեկչական ենթակառուցվածքի գրեթե 1500 թիրախի Լիբանանի հարավում և Լիբանանի տարածքի խորքերում»։

«ԻՊԲ-ի կործանիչները շարունակում են իրենց գործունեությունը՝ հարվածներ իրականացնելով նույնիսկ այս պահին», - նշված է հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 23-ին ԻՊԲ-ն սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի շրջանակներում ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին: Մասնավորապես, ԻՊԲ-ն գրոհում է տեղի բնակիչների տների վրա, որոնցում, բանակի տվյալներով, կարող են պահվել խմբավորման զենքերը։ Հարձակումից առաջ Իսրայելը հաղորդագրություններ էր ուղարկել լիբանանցիներին՝ կոչ անելով լքել իրենց տները։ Տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 558 մարդ, ևս 1800 մարդ վիրավորվել է։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում