Աշխարհ

ԱՄՆ-ում կարծում են, որ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտության հնարավոր սրացումը կհանգեցնի լայնածավալ պատերազմի

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում կարծում են, որ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտության հնարավոր սրացումը կհանգեցնի լայնածավալ պատերազմի

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկյան իշխանությունների գնահատմամբ՝ առաջիկա օրերին Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շիա շարժման միջև մարտերը զգալիորեն կսրվեն, ինչը կարող է հանգեցնել նրանց միջև լայնածավալ պատերազմի: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է ամերիկյան Politico պարբերականը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ նշել են, որ իրավիճակի վերջին վերլուծությունը վկայում է լարվածության նվազման հասնելու բարդ լինելու մասին: Ամերիկացիների անհանգստությունն աճել է հատկապես այն բանից հետո, երբ Իսրայելը պայթեցրել է «Հեզբոլլահ»-ի մի շարք անդամների փեյջերները, ռադիոհաղորդակցության միջոցները և Բեյրութի բնակելի շենքերից մեկը, որի հետևանքով, ինչպես նշվում է, սպանվել է նշված շարժման բարձրաստիճան հրամանատար Իբրահիմ Աքիլը:

Politico-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մասնավոր գնահատականները հակասում են Սպիտակ տան պաշտոնական հայտարարությանն առ այն, որ հետագա արյունահեղությունը դեռ հնարավոր է կանխել դիվանագիտական միջամտությամբ: Ավելի վաղ Սպիտակ տան խորհրդական Ջոն Քիրբին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ խնդրի դիվանագիտական ​​լուծումը դեռևս իրատեսական է: «Իսրայելի և Լիբանանի սահմանին պատերազմն անխուսափելի չէ: Կշարունակենք ամեն ինչ անել այն կանխելու համար»,- ընդգծել էր նա:

Նշվում է, որ Իսրայելը Վաշինգտոնին հայտնել է դիվանագիտական ​​լուծման հասնելու մտադիրության մասին, որի համար, սակայն, անհրաժեշտ է ռազմական գործողությունների միջոցով ճնշում գործադրել «Հեզբոլլահ»-ի վրա։ Միաժամանակ, ամերիկացի պաշտոնյաները պարբերականին տեղեկացրել են, որ առաջիկա օրերին սպասվում է իրավիճակի վատթարացում, քանի որ «Հեզբոլլահ»-ն այս կամ այն կերպ հակահարված է հասցնելու Իսրայելին։

Սեպտեմբերի 20-ին իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային Դահիյա արվարձանին, որը համարվում է «Հեզբոլլահ»-ի հենակետերից մեկը։ Ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Իբրահիմ Աքիլը: Հարձակման հետևանքով վիրավորվել է 59 մարդ: Դրան նախորդել էին Լիբանանի տարբեր շրջաններում «Հեզբոլլահ» շարժման անդամների փեյջերների և հեռավար ռադիոկայանների պայթյունները, որոնց հետևանքով, ինչպես հաղորդվում է, զոհվել էր ընդհանուր առմամբ 37 մարդ: Այդ պայթյունները, ըստ աղբյուրների, ուղղորդվել են Իսրայելի կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում