Սփյուռք

Պետք է գիտակցենք, որ Սփյուռքը կմնա ուժեղ և կհարատևի, եթե ունենանք ուժեղ Հայաստան․Զարեհ Սինանյան

3 րոպեի ընթերցում

Պետք է գիտակցենք, որ Սփյուռքը կմնա ուժեղ և կհարատևի, եթե ունենանք ուժեղ Հայաստան․Զարեհ Սինանյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավարտվեցին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի նիստերն ու պանելային քննարկումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամփոփիչ խոսքում կարևորելով քննարկումների ընթացքում  հնչած մտքերը, գաղափարներն ու մասնակիցների փորձի փոխանակումը, նշեց, որ գագաթնաժողովի բուն նպատակը դրանցից պտուղներ քաղելն է։

«Կարծում եմ, բոլորիս ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի այս ամենը մարսենք, այս ամենից համապատասխան եզրակացություններ անենք և լծվենք գործի կամ շարունակենք մեր գործունեությունը։ Կարծում եմ այս ամենի նպատակը գործն ու գործունեությունն է։ Կարևոր է նաև, թե ինչ ենք անելու մենք սրանից հետո։ Իրականում այնպես չէ, որ ինչ-որ նոր բան պիտի անենք․ այն, ինչ սկսել ենք, այն, ինչ գիտենք, պետք է անենք կրկնակի ուժով, համոզվածությամբ և այս ամենի հիմքում իրար ճիշտ հասկանալն է։ Սփյուռքը պետք է Հայաստանին ճիշտ հասկանա։ Մենք ունենք իրական սահմանափակումներ, որոնք մեզ չեն թույլատրում անել այն, ինչ մենք էլ կերազեինք անել։ Որոշ սահմանափակումներ, որ մենք ունենք, Սփյուռքը չունի ու կարող է շատ բաներ անել Հայաստանի շահի համար և հուսամ ինչ-որ ձևով Հայաստանի հետ կոորդինացված։ Հայաստանն էլ, իհարկե, պետք է Սփյուռքին համապատասխան ձևով գնահատի, իսկ դրա համար պետք է համապատասխան ձևով ճանաչի և այդ երկկողմանիորեն հարգալից, անկեղծ հարաբերությունից ծնվելու է մեր վաղվա շատ ավելի արդյունավետ համագործակցությունը»,-ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։

Սինանյանը, որպես օրինակ, ամենակազմակերպվածն ու արդյունավետը գնահատեց Ֆրանսիայի համայնքների գործունեությունը՝ նշելով, որ ֆրանսահայերը ցույց են տվել, թե ինչպես են ամենամեծ ազդեցությունն ունենում Հայաստանի ճակատագրի վրա։

«Հայաստանը հայության խարիսխն է, Հայաստանի Հանրապետությունը բոլորիս համար ֆիզիկապես հստակ և աշխարհի կողմից ընդունված այն տարածքն է, որտեղ մեր մշակույթը կենսաոճը մեր լեզուն մեր դավանանքը կմնա մերը՝ հայկական։ Միակ տեղն է, որտեղ այն, ինչը մենք, որպես հայ անհատներ ընտրում ենք մեր համար, կմնա հայկական։ Սփյուռքում մենք կարող ենք ապրել և լինել հայ, բայց դա երկար չի տևում և պատմությունն ապացուցել է։ Մենք պետք է գիտակցենք, որ Սփյուռքը կմնա ուժեղ և կհարատևի , եթե ունենանք ուժեղ Հայաստան»,-ընդգծեց նա։

Սինանյանը հորդորեց մի կողմ դնել տարբերությունները, որովհետև հայությանը միավորողն ավելի մեծ ու խորն է, քան՝ բաժանողը։

«Ակնկալում ենք, որ բոլորդ ակտիվ եք լինելու ձեր համայնքներում և լինելու եք մեր ակտիվ գործընկերները, որովհետև մենք ձեր կարիքը շատ ունենք և բոլորիդ վրա հույս ենք դնում»,-ընդհանրացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։


 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում