Բարձր տեխնոլոգիաներ

«ԷվենտՏուրան» կհամագործակցի WCIT 2024/DigiTec-ի հետ՝ կազմակերպչական հարցերի կանոնակարգման հարցերում

4 րոպեի ընթերցում

«ԷվենտՏուրան» կհամագործակցի WCIT 2024/DigiTec-ի հետ՝ կազմակերպչական հարցերի կանոնակարգման հարցերում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր է ստորագրել (MoU) «ԷվենտՏուրա» իրադարձային զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հետ՝ 2024թ.-ի Նորարարության և Տեխնոլոգիաների Համաշխարհային Կոնգրեսի` WCIT2024/DigiTec-ի կազմակերպչական հարցերի կանոնակարգման շուրջ համագործակցելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՏՁՄ-ից հայտնում են, որ  հուշագիրը ստորագրել են միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և «ԷվենտՏուրա» հիմնադրամի համահիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ Մերի Բադալյանը՝ հայտարարելով, որ կոնգրեսը համատեղ ջանքերով կկազմակերպվի բարձր մակարդակով՝ ապահովելով հյուրերի դրական փորձառությունը։

«Որպես լայնամասշտաբ միջոցառումներ կազմակերպող կառույց՝ հրաշալի գիտակցում ենք կամավորների դերը նմանօրինակ միջոցառումների ընթացքում և նրանց ճիշտ ուղղորդման կարևորությունը։ Այս համագործակցությամբ հանձն ենք առնում համակարգել WCIT2024/DigiTec-ի կազմակերպչական հարցերը՝ համատեղ ապահովելով բոլոր հյուրերի համար բացառիկ և դրական փորձառություն»,-ասաց «ԷվենտՏուրա» հիմնադրամի համահիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ Մերի Բադալյանը։

Համագործակցության շրջանակներում կկազմակերպվեն կամավորների ներգրավման, պլանավորման և ուղղորդման աշխատանքներ ամբողջ միջոցառման ընթացքում՝ ներառելով հյուրերի գրանցման գործընթացի կազմակերպումը, հերթերի կառավարումը՝ ապահովելով ճշգրիտ ուղղորդում, տոմսերի QR-ների ստուգում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրում՝ օրակարգի և ելույթների ժամերի վերաբերյալ։

«Մենք մշտապես կարևորում ենք կամավորների դերը նմանատիպ լայնամասշտաբ միջոցառումներում․ հյուրերին ու այցելուներին առաջինը նրանք են դիմավորում, և շատ կարևոր է, որ մենք նույնպես աջակցենք կամավորների դերի բարձրացմանն ու նրանց աշխատանքի արժևորմանը: Սա նաև հրաշալի առիթ է կամավորների՝ համայնքային աշխատանքներում ներգրավվելու համար»,—ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով:

WCIT2024/DigiTec-ի անցկացման չորս օրերին  Հայաստանը կվերածվի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ՝ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:

WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի ներկայացնելու հայաստանյան, և ոչ միայն, տեխնոլոգիական ներուժը ԴիջիԹեք էքսպոյի շրջանակներում, որը հանդիսանալու է հիմնական էքսպո հարթակը WCIT2024/DigiTec համար, ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, իրազեկելու նորարարությունների ու ԱԲ-ի վերջին և ապագա զարգացումների շուրջ,

Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում և դիրքավորելու որպես նոր տեխնոլոգիական հաբ տարածաշրջանի համար, խթանելու ներդրումները և ընդգծելու ՏՀՏ լուծումների կարևորությունը տարբեր տարածաշրջաններում և տնտեսություններում:

Համաժողովի օրակարգը ընդգրկում է լայն աշխարհագրությամբ մասնակիցներ՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում