Քաղաքականություն

Պատմականորեն ԵՄ անդամակցելու գործընթացում հանրաքվեն ամենավերջին քայլն է, ոչ թե առաջին. Արթուր Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

Պատմականորեն ԵՄ անդամակցելու գործընթացում հանրաքվեն ամենավերջին քայլն է, ոչ թե առաջին. Արթուր Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությանը անդամակցությունը շատ կոնկրետ գործընթացներ և շատ երկար ժամանակ է ենթադրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու համար իշխող խմբակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի:

Նա հիշեցրեց, որ ՔՊ-ն խորհրդարանում լսումներ է անցկացրել այս թեմայով հանրության կարծիքը լսելու համար։ 

«Մեր գործընկերներն օգտվում են այն գործիքակազմից, որը մեր օրենսդրությունն է տալիս, թող ստորագրահավաքը տեղի ունենա։ Մենք մեր գործընկերների հետ խոսել ենք մեր եվրոպական ձգտումների մասին և շարուրնակում ենք մեր կոնկրետ խոսակցությունը։ Բայց մենք ելնում ենք իրողություններից և օբյեկտիվ իրականությունից, որ ԵՄ անդամակցությունը շատ կոնկրետ գործընթացներ և շատ երկար ժամանակ է ենթադրում»,-նշեց Արթուր Հովհաննիսյանը։

Իշխող խմբակցության քարտուղարի կարծիքով՝ պետք է մի քիչ զուսպ լինել ԵՄ-ի հետ ակնկալիքների առումով։ 

«Պատմականորեն ԵՄ-ին անդամակցելու գործընթացում հանրաքվեն ամենավերջին քայլն է, ոչ թե առաջին, որովհետև հնարավոր է հանրաքվե անես և հետո պարզվի, որ Եվրամիությունում քեզ ոչ-ոք չի սպասում։ 

Իսկ ինչ վերաբերվում է մեր գործընկերներին, ապա մեր գործընկերների լեգիտիմ իրավունքն է օգտվել օրենսդրությունից։

Մենք բոլորս ունենք եվրոպական ձգտումներ։ Ուրախ ենք, որ Հայաստանում կան էլի ուժեր, որոնք ունեն եվրոպական ձգտումներ։ Ձևը, թե ինչպես Հայաստանի Հանրապետությունը կմոտենա Եվրամիությանը՝ կքննարկենք այս ողջ գործընթացների ժամանակ, այդ թվում նաև ստորագրահավաքի»,-եզրափակեց Հովհաննիսյանը։

Սեպտեմբերի 16-ին ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաք են սկսել «Հանուն Հանրապետության», «Հանրապետություն», «Հայաստանի եվրոպական» կուսակցությունները: 60-օրյա ժամկետում պետք է հավաքվի 50 հազար ստորագրություն: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում