Ադրբեջանն անհանգստացած է Հայաստանի զինված ուժերում լայնածավալ ծրագրերի իրականացմամբ. Անդրանիկ Քոչարյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի խնդիրն է երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելը՝ նոր սպառազինությամբ, կրթված անձնակազմով և այն կառույցներով, որոնք ՀՀ-ին ավելի վստահ կդարձնի խաղաղության օրակարգին հասնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Ադրբեջանն անհանգստացած է, որովհետև Հայաստանի կառավարությունը՝ զինված ուժերի ղեկավարությամբ, իրականացնում է լայնածավալ ծրագրեր բոլորիս անվտանգության մակարդակը մի քանի աստիճան բարձրացնելու ուղղությամբ։ Ձեզնից մի քանիսը եղել են մեր ամրաշինական աշխատանքների միջավայրում և տեսել եք, թե այդ ծավալները ինչ չափի են։ Բայց դուք տեսել եք շատ փոքր հատվածը։ Դրանք Հայաստանի ամբողջ սահմանով մեկ իրականացված ծրագրեր են։ Ես դրանց անվանել եմ ամրոցներ, իսկ ամրոցների մեջ ծառայություն տանող անձնակազմը բավականին պաշտպանված է, իսկ պաշտպանված անձնակազմով հակահարված տալը շատ դյուրին է լինելու, որովհետև ծառայողի կողմից կա մեծ վստահության պաշար»,-ընդգծեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս Ադրբեջանի անհանգստությունը շատ բնական է, որովհետև 90-ականների պատերազմի ընթացքում ունեցել է անհաջողություններ պարտության տեսքով, հետո 44-օրյա պատերազմի ընթացքում արձանագրել է հաջողություն հաղթանակի տեսքով և հիմա անհանգստություն ունի, թե ապագայում ինչ է լինելու։