Մշակույթ

Գյումրիում կայացավ  «Մեդալի հակառակ կողմը»  սպորտային դրամայի ցուցադրությունը

4 րոպեի ընթերցում

Գյումրիում կայացավ  «Մեդալի հակառակ կողմը»  սպորտային դրամայի ցուցադրությունը

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Մարզամշակութային կենտրոնում կայացավ «Մեդալի հակառակ կողմը» սպորտային դրամայի ցուցադրությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանի կյանքի և անհավանական սպորտային կարիերայի մասին պատմող ֆիլմի ողջ ընթացքում գյումրեցիները ծափերով ու բրավոներով էին ընդունում հերոսուհու  հաղթանակները։

Ցուցադրությունից առաջ ֆիլմի գլխավոր դերակատար, գլխավոր պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարի հեղինակ Աննա Մաքսիմը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ թեև ֆիլմի առաջին ցուցադրությունը մեկ օր առաջ Երևանում էր, բայց Գյումրիում ցուցադրությունն ավելի պատասխանատու է։ «Երևանյան պրեմիերան անցավ շատ լավ, բայց, մինչև Գյումրու հանդիսատեսի խոսքը ես չլսեմ, չեմ կարող հանգիստ լինել՝  հատկապես, որ մարմնավորել եմ գյումրեցու և խոսում եմ Գյումրու բարբառով։ Շատ պատասխանատու պահ է ինձ համար՝ այսօր, ես կասեմ, որ, թերևս, իրական պրեմիերայի ականատեսն եմ լինելու։ Այսօր պատասխանատվությունն  է շատ մեծացել»։

Այն մասին, որ գյումրեցի մարզուհու մասին պատմող ֆիլմը ի սկզբանե էր «դատապարտված»  հաջողության,  ֆիլմի ռեժիսորն ասաց ցուցադրությունից առաջ՝ հանդիսատեսին։ «Երբ նկարահանումներից առաջ Գյումրիում տաքսի նստեցի և վարորդին ասացի իմ մտահաղացման մասին, ասաց՝  «կա՛մ հաղթանակ, կա՛մ խայտառակ»»։ 

Իսկ այն, որ ֆիլմը հաջողված ու հաղթանակած  էր, խոսում էր լեցուն դահլիճն ու  երկարատև հոտնկայս ծափերը։

Չեմպիոնուհին ևս անկեղծանում է՝ հարազատ քաղաքում ավելի շատ է հուզված։ «Ինձ համար իմ հայրենիքի բոլոր քաղաքներն են նույնը, բայց Գյումրիում այսօր երջանիկ եմ, և, միևնույն ժամանակ, շատ հուզված»,- «Արմենպրես»-ին ասում է Նազիկ Ավդալյանը։ Խոսելով ֆիլմի մասին՝ պատմում է այն դժվարություններից, որոնց միջով անցել է ֆիլմի գլխավոր հերոսուհին։ «Մեծ տարիքում բավական բարդ է վախը հաղթահարել, ծանրաձողին տիրապետելու տեխնիկան սովորել, բայց, իրականում, կարողացանք դա  հաղթահարել, նույնիսկ կարճ ժամանակում կարողացանք հասնել 60 կիլոգրամի։ Սա  խոսում է նրա մասին, որ Աննան՝  չլինելով մարզիկ, իր նպատակի համար արեց ամեն ինչ։ Սա  արհեստավարժ մարդու՝  արհեստավարժ մոտեցում է»,- նշեց  աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։ 

Ֆիլմում  Նազիկ Ավդալյանին մարմնավորում է Աննա Մաքսիմը։ Դերասանական կազմում են Արտաշես Ալեքսանյանը,  Դավիթ Հակոբյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Խորեն Լևոնյանը, Անահիտ Քոչարյանը, Արուսիկ Գրիգորյանը, Սոս Ջանիբեկյանը:

Ավտովթարի հետևանքով ստանալով լուրջ վնասվածք, Նազիկը 7 տարի դուրս է մնում մեծ սպորտից, ապա վերադառնում և, չնայած ցավերին և շրջապատի կողմից հաջողության հասնելու հավատի բացակայությանը, նա դառնում Եվրոպայի կրկնակի չեմպիոն` ապացուցելով, որ եթե կա կամք, աննկուն ոգի, ապա անհնարին ոչինչ չկա։ 

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում