Աշխարհ

ՀԱՀ նախագահը հայտարարել է, որ աֆրիկյան երկրներին ՄԱԿ-ի ԱԽ-ում անհրաժեշտ են հավասար լիազորություններ

3 րոպեի ընթերցում

ՀԱՀ նախագահը հայտարարել է, որ աֆրիկյան երկրներին ՄԱԿ-ի ԱԽ-ում անհրաժեշտ են հավասար լիազորություններ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավաֆրիկան հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել է, որ ​​Պրետորիան դրական է վերաբերում աֆրիկյան երկրների համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների երկու նոր տեղերի ստեղծմանն աջակցելու ԱՄՆ-ի արտահայտած մտադրությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հայտարարությունը, որում վերջինս նաև նշել է, որ իր կարծիքով՝ այդ երկրները պետք է ունենան Անվտանգության խորհրդի մյուս անդամների նման լիազորություններ՝ ներառյալ վետոյի իրավունքը:

«Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի կողմից արտահայտված մտադրությունն՝ Աֆրիկայի համար որպես մշտական ​​անդամ երկրների մաս տրամադրել երկու տեղ։ Աֆրիկան​ երկար տարիներ պայքարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հավասար հիմունքներով մասնակցելու համար», - նշել է Ռամաֆոսան՝ հավելելով, որ կառույցի այդ մարմնում 1,3 միլիարդ բնակիչ ունեցող մայրցամաքի բացակայությունը նվազեցնում է ՄԱԿ-ի դերը։

Նախագահի խոսքով՝ այն փաստը, որ ԱՄՆ-ը չի աջակցում Անվտանգության խորհրդի նոր պոտենցիալ անդամներին վետոյի իրավունքի տրամադրմանը, խնդիրներ է ստեղծում։ 

«Մենք կպահանջենք, որ Անվտանգության խորհրդի նոր մշտական ​​անդամներն ունենան այնպիսի իրավունքներ, ինչպիսին ներկայիս անդամներինն են», - նշել է պետության ղեկավարը՝ շեշտելով, որ լավ է, որ Աֆրիկան ​​կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներից, այնուամենայնիվ, անհրաժեշտ է առաջ շարժվել և կանխել ԱԽ մշտական ​​անդամների մեջ այն երկրների հայտնվելը, որոնց վերապահված են երկրորդական դերեր:

Անդրադառնալով նրան, թե աֆրիկյան ո՞ր երկրները կարող են դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ, եթե համապատասխան որոշում կայացվի՝ Ռամաֆոսան ասել է, որ դա հենց աֆրիկացիների գործն է։ 

«Կոնկրետ երկրների վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Աֆրիկյան միությունը», - ասել է նա:

Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Աֆրիկայի երկրների համար Անվտանգության խորհրդի երկու նոր մշտական ​​տեղերի ստեղծմանը։ Միաժամանակ նա նշել էր, որ Միացյալ Նահանգները չի աջակցում վետոյի իրավունքի տրամադրմանը Անվտանգության խորհրդի պոտենցիալ նոր անդամներին։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում