Տնտեսություն

Երևանում եկամտահարկի հետ վերդարաձի մասին օրենքի գործողության ժամկետը մոտենում է ավարտին․ ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում

4 րոպեի ընթերցում

Երևանում եկամտահարկի հետ վերդարաձի մասին օրենքի գործողության ժամկետը մոտենում է ավարտին․ ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անշարժ գույքի շուկայում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում։ Հատկապես դա նկատվում է Երևանում, քանի որ եկամտահարկի հետ վերդարաձի մասին օրենքը մայրաքաղաքում գործելու է մինչև ընթացիկ տարվա վերջ։ Ոլորտի մասնագետները նշում են, որ այժմ սպասողական, անորոշության փուլ է։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Արսեն Ավետիսյանը նշեց, որ ամռան ամիսներին անշարժ գույքի հատկապես առաջնային շուկայում որոշակի պասիվություն էր նկատվում։ 

«Չնայած ամռան ամիսների նվազ ցուցանիշներին, ամեն դեպքում օգոստոսի վերջից ու սեպտեմբերի սկզբին նկատվում է որոշակի ակտիվացում։ Քանի որ եկամտահարկի հետ վերադարձի օրենքը մինչև տարեվերջ է գործելու, շատերը հասկանում են, որ շատ քիչ ժամանակ է մնացել ու անշարժ գույքի առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու ցանկություն են հայտնում»,-ասաց Արսեն Ավետիսյանը։ 

Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի նախագահ Արթուր Մնացականյանի կանխատեսումներով՝ մինչև տարեվերջ առաջնային շուկայում ակտիվությունն ավելանալու է։ Կառուցապատողների մոտ էլ կա այն ընկալումը, որ այս մոդելի շրջանակում Երևանում բնակարան վաճառելու վերջին հնարավորությունն է և հանդես են գալու տարբեր ճկուն առաջարկներով։ 

«Այն քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն եկամտահարկի հետվերադարձի օրենքի հնարավորություններից օգտվել ու մինչև տարեվերջ գույք ձեռք բերել, ապա խորհուրդ ենք տալիս շտապել։ Պետք է հաշվի առնել, որ բանկի կողմից ձևակերպումները 20 օրից ավելին է տևում։ Այնպես որ այսօրվանից այդ աշխատանքներով պետք է զբաղվել, որ ժամկետների մեջ տեղավորվեն։ Վստահաբար, որքան տարվա վերջը մոտենա, այդքան ավելի է մեծանալու պահանջարկը»,-ասաց Արթուր Մնացականյանը։ 

Ինչ վերաբերում է գներին, ապա Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Ռուստամ Գրիգորյանն էլ նշեց, որ   Երևանի անշարժ գույքի առաջնային շուկայում բնակարանների արժեքի նվազում չի սպասվում։ 

«Հնարավոր է կարճաժամկետ գնային որոշակի փոփոխություն լինի, բայց երկարաժամկետ կտրվածքով էական նվազում չեմ կարծում, որ լինի։ Կառուցապատումը Երևանում դանդաղելու է, մնալու են խոշոր խաղացողները, հետևաբար շուկայում առաջարկը նվազելու է։ Դա նշանակում է, որ մարդիկ ամեն դեպքում ցանկանալու են Երևանում բնակարան գնել, իսկ քանի որ առաջարկը քիչ է լինելու, հետևաբար գները չեն նվազելու»,-ասաց Ռուստամ Գրիգորյանը։ 

Մասնագետները կարծում են, որ 2025 թվականի առաջին եռամսյակն անշարժ գույքի շուկայում հանգիստ կլինի, իրենց բնորոշմամբ, «կսառի», հետո կրկին ակտիվություն կնկատվի։ Նրանց գնահատմամբ՝ անշարժ գույքի առաջնային շուկայում այսօր բավական ակտիվություն նկատվում է մարզերում։ Նորակառույցներ են հայտնվում այնպիսի քաղաքներում, որտեղ վերջին տարիներին շենք չի կառուցվել՝ Էջմիածինում, Աշտարակում, Հրազդանում, Աբովյանում, Սևանում։ Մարզային քաղաքներում բնակֆոնդի խնդիր կա, նույնիսկ վարձակալության համար դժվար է դարձել բնակարաններ գտնելը։ Հետևաբար` կուտակված պահանջարկը բավարարում են նորակառույցները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում