Հայաստան

Կարևոր է, որ պարեկային ոստիկանությունը կասկածելի ոչ մի իրավիճակի նկատմամբ չլինի անտարբեր․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Կարևոր է, որ պարեկային ոստիկանությունը կասկածելի ոչ մի իրավիճակի նկատմամբ չլինի անտարբեր․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պարեկային ոստիկանությունը չպետք է լինի իներտ, չպետք է անտարբեր լինի կասկածելի ոչ մի իրավիճակի նկատմամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստի ժամանակ։ 

«Կարծում եմ` պարեկային ոստիկանությունը մեր առաջնային աչքն է ընդհանրապես ամեն ինչի վերաբերյալ։ Շատ կարևոր է, որ պարեկային ոստիկանությունը կասկածելի ոչ մի իրավիճակի նկատմամբ չլինի անտարբեր։ Սա հայեցակարգային կարևոր հարց է, որովհետև պարեկային ոստիկանության ներդրման առաջնային նպատակը և իմաստը եղել է դա։ Պարեկային ոստիկանությունը չպետք է լինի իներտ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պարեկային ոստիկանությանը պետք է ուսուցանել, թե ինչպես պետք է տարբերել կասկածելի դեպքերը։  

«Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի հետ կապված նաև պարեկային ոստիկանությունից մեր ակնկալիքները շարունակելու են մեծանալ։ Հիմա պարեկային ոստիկանությունը նոր չէ, և մենք պետք է ավելի մեծ ակնկալիքներ ունենանք։ Հանցավորության վերաբերյալ ընդհանուր վիճակագրության մեջ պարեկային ոստիկանության արդյունավետությունը պետք է արտահայտվի։ Մենք Հայաստանի ժողովրդին պետք է ունենանք շատ հստակ թվային բացատրություն, թե ինչո՞ւ ենք մի քանի տասնյակ միլիարդ դրամ ծախսել և նոր ինստիտուտ ստեղծել»,-ընդգծեց Փաշինյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում