Քաղաքականություն

Նոյեմբերի 9–ի փաստաթղթում գրված չէ, թե ՌԴ ԱԴԾ–ն պետք է տեղում ներկա լինի. Փաշինյանը՝ 9–րդ կետի մասին

5 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 9–ի փաստաթղթում գրված չէ, թե ՌԴ ԱԴԾ–ն պետք է տեղում ներկա լինի. Փաշինյանը՝ 9–րդ կետի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9–ին ստորագրված փաստաթղթի 9–րդ կետում հստակ գրված է, որ ՀՀ–ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, կազմակերպում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը, սակայն որևէ տեղ գրված չէ, թե Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության մարմինները պետք է տեղում ներկա լինեն: 

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին: 

Վարչապետը մեջբերեց նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 9–րդ կետի առաջին նախադասությունը՝ ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը:

«Սա նշանակում է, որ 9–րդ կետն Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու մասին չէ միայն, և առաջին հերթին դրա մասին չէ, դա ընդամենը թեմայի մանրամասներից մեկն է: Այն տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապերի բացման մասին է՝ օրինակ՝ Հայաստան–Ռուսաստան երկաթուղի՝ ընդ որում Մեղրիով և Իջևան–Ղազախով,  ավտոտրանսպորտային ճանապարհի բացում՝ Հայաստանից Իրան՝ Նախիջևան, Ադրբեջանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, դեպի Ղազախստան և այլն: 9–րդ կետը դրա մասին է: Հայաստանից Իրան գնացող երկաթուղին Հայաստա՞նն է փակել, չի՞ թողնում աշխատի, եթե բաց է, ասեք՝ մենք այնտեղ բեռներ ունենք տանելու»,–ասաց Փաշինյանը:

Վարչապետը շարունակեց 9–րդ կետից մեջբերումը՝ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: 

«Անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է: Եվ բոլոր նրանք, որ ասում են, թե որևէ երրորդ երկրի՝ անվտանգություն ապահովելու երաշխիք է վերապահված, պետք է ցույց տան, թե որտեղ է դա գրված: Ավելին՝ երթևեկության կազմակերպողը Հայաստանի Հանրապետությունն է: Ինչպե՞ս կարող է ՀՀ–ն երաշխավորի անվտանգությունը, եթե ինքը չէ անվտանգության պատասխանատուն, ո՞նց է այդպես հնարավոր: Եթե այդպես է, ուրեմն ՀՀ–ն երաշխավորում է աշխարհի բոլոր երկրների անվտանգությունը, աշխարհի խաղաղությունը»,–շեշտեց վարչապետը:

Նա կրկնեց մեջբերումը՝ ՀՀ–ն երաշխավորում ու կազմակերպում է:

«Այստեղ չկա որևէ բան գրված, որ ինչ–որ մեկը պետք է գա, երաշխավորի, անվտանգություն ապահովի ու կազմակերպի, ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը: Այստեղից են բխում իրավազորության և սուվերենության մասին մեր պատկերացումները, որը մենք արտահայտել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծում»,–հավելեց նա:

9–րդ կետը նաև ասում է, որ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն իրականացնում են  Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

«Որտե՞ղ է գրված, որ ԱԴԾ մարմինները պետք է տեղում ներկա լինեն: Չկա այդպիսի բան գրված: Եթե նույնիսկ նկատի է առնվում ՀՀ–ում ռուս սահմանապահների ներկայությունը, ապա նրանց ներկայությունը մեր երկրում պայմանագրային հարց է, Հայաստանի որոշման հարցն է, այսօր որոշել է, որ ներկա են իրենք, վաղը կարող է որոշել, որ ներկա չեն»,–ասաց Փաշինյանը:

Նա շարունակեց մեջբերումը՝ կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը:

«Մենք համաձայն ենք՝ եկեք, անցեք, ո՞վ է խանգարում: Ադրբեջանը համաձայն չէ, քանի որ ասում է, որ անվտանգությունը ՀՀ–ն չպետք է ապահովի: Ո՞նց պետք է ես չապահովեմ, որովհետև նախ ես եմ ստորագրել, դուք էլ եք ստորագրել, որ ՀՀ–ն պետք է ապահովի»,–ասաց վարչապետը:

Ըստ վարչապետի՝  փաստաթղթում որևէ բան չկա, որ ՀՀ ինքնիշխանությունը որևէ կերպով սահմանափակվում է իր որևէ տարածքի նկատմամբ, որևէ բան չկա, որ ՀՀ որևէ գործառույթ արտապատվիրակվում է: Նա հավելեց՝ ժամանակին ճգնաժամային իրավիճակը հաշվի առնելով՝ ՀՀ–ն ասել է, որ պատրաստ է նույնիսկ արտպատվիրակման հայելային սկզբունքով, բայց դա ՀՀ–ի որոշումն է՝ որպես բարի կամքի արտահայտում: 

Փաշինյանի տպավորությամբ՝ որոշ երկրների պաշտոնյաներ, որոնք անում են  որոշ հայտարարություններ, այդ թուղթը կամ չեն կարդացել, կամ վաղուց չեն կարդացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում