Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում դասերն անցկացվում են հեռավար․ ուսումնասիրվում են դպրոցի շենքում տեղի ունեցած ցնցումների պատճառները
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում դասապրոցեսն անցկացվում է հեռավար․ պատճառը վերջերս դպրոցի շենքում տեղի ունեցած ցնցումներն են։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նշեց, որ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կողմից ուսումնասիրվում են ցնցումների պատճառները:
Սարգսյանը հավելեց, որ առաջիկայում աշխատանքների արդյունքների մասին լրացուցիչ տեղեկատվություն կհայտնեն:
Իսկ թե պատճառը դպրոցի շենքի երրորդ աստիճանի վթարային կարգավիճակն է, թե դրա դիմաց ընթացող շինարարական աշխատանքների ներգործությունը, ցույց կտան համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները:
Ծնողներն ահազանգում են՝ երեխաների դասերը դարձել են հեռավար, իսկ դպրոցի հետագա ճակատագիրը դեռևս անորոշ է:
Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցում տատանումներ զգացել են սեպտեմբերի 6-ին, նախկինում նման դեպքեր չեն գրանցվել:
Տնօրենը նշեց՝ այս պահին արդեն ընթանում են երկրաբանական, ինժեներական ուսումնասիրման աշխատանքները: Տնօրենը ևս չբացառեց ցնցումների կապը դպրոցի դիմաց ընթացող բազմաբնակարան շենքի կառուցապատման հետ:
«Ուսումնասիրությունները հենց այդ կապը պարզելու համար են, որպեսզի հստակ հասկանանք, թե ինչն է պատճառը: Հուսով ենք, որ մինչև այս շաբաթվա վերջ եզրակացությունները կունենանք և կհասկանանք հետագա քայլերը:
Ըստ փաստաթղթերի՝ 1996 թվականին դպրոցի շենքը գնահատվել է երրորդ կարգի վթարային, բայց դրանից հետո դպրոցում իրականացվել են ամրացման աշխատանքներ»,- նշեց դպրոցի տնօրենը:
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից նշեցին, որ օրեր առաջ դպրոցի տնօրենը ցնցում է զգացել շենքում և օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությանը:
«Ուսումնասիրություններ կատարելուց հետո մասնագետները, անվտանգության նկատառումներից ելնելով, հարկ են համարել, որ դպրոցում դասապրոցեսը դադարեցվի և փոխարինվի հեռավար տարբերակով: Դրա նպատակն այն է, որ այս ընթացքում որոշակի մասնագիտական ուսումնասիրություններ կատարվեն, որպեսզի կոնկրետ պատճառները կարողանանք հասկանալ՝ արդյոք դա կապ ունի տասնամյակներ առաջ արձանագրված երրորդ աստիճանի վթարայնության հետ, թե սա ինչ-որ նոր ներգործության հետևանք է»,- նշեցին քաղաքապետարանից:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ խնդիրներն առաջացած լինեն դպրոցին հարակից շինարարության հետևանքով, քաղաքապետարանից պարզաբանեցին, որ դա վարկածներից մեկն է, բայց մասնագիտական եզրակացությունից հետո նոր կարող են կոնկրետ պատճառների մասին խոսել: