Քաղաքականություն

Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի մասնակիցներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի մասնակիցներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաժողովի ժամանակ ունեցած ելույթում Փաշինյանն ասաց, որ Հարավային Կովկասում իրադրության գնահատման և կայունություն հաստատելու առումով կարևոր թեմա է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը։

««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նախատեսում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային կոմունիկացիաները, այսինքն՝ երկաթուղի, ավտոճանապարհ, հնարավոր մալուխներ, հնարավոր գազամուղեր, էլեկտրագծեր, այլ հաղորդակցության ուղիներ բացել, այլև ենթադրվում է, որ նման զարգացում պիտի տեղի ունենա նաև Հայաստանի և Թուրքիայի միջև։ Իհարկե, «Խաղաղության խաչմերուկ»-ը մեզ համար կարևոր է նաև այն պատճառով, որ այն իրականացնելու դեպքում հնարավորություն ենք ստանում երկաթուղային կապ ունենալ Իրանի հետ, որի հետ հարաբերությունները շատ կարևոր են մեզ համար, մենք հնարավորություն ենք ունենում նաև երկաթուղային կապ ունենալ Թուրքիայի հետ, Եվրոպայի հետ,մ Ռուսաստանի հետ։ Իհարկե, նաև Ադրբեջանը հնարավորություն է ունենում Հայաստանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Թուրքիայի, Իրանի հետ, իհարկե, այստեղ կարևոր է նաև Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական մասի միջև ավտոմոբիլային և երկաթուղային կապի հաստատումը Հայաստանի տարածքով։ Մենք պատրաստ ենք նման հաղորդակցություն տրամադրել, բայց նաև պետք է արձանագրենք, որ այսօր Նախիջևանը զրկված չէ տրանսպորտային կապից, որովհետև և Իրանի, և Թուրքիայի տարածքով Նախիջևանը հնարավորություն ունի արտաքին աշխարհի հետ կապ հաստատել»,- ասաց Փաշինյանը։ 

Նա հավելեց, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի իրագործել այս նախագիծը՝ ներառյալ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ապահովումը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում