Աշխարհ

Սուդանում բազմամարդ շուկայի հրետակոծության հետևանքով կա ավելի քան 20 զոհ

2 րոպեի ընթերցում

Սուդանում բազմամարդ շուկայի հրետակոծության հետևանքով կա ավելի քան 20 զոհ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սուդանի բազմամարդ շուկաներից մեկում հրետակոծության հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, 70 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Հարձակումը տեղի է ունեցել Սենար քաղաքում սեպտեմբերի 9-ին։ Սուդանի բժիշկների միությունը հայտարարել է, որ հարձակման պատասխանատուն «Արագ աջակցության ուժեր» կիսառազմական խմբավորումն է։ 

Հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սուդանի զինվորականները մերժել են ՄԱԿ-ի փորձագետների առաջարկը՝ միջազգային ուժեր ուղարկել խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։

2023 թ. ապրիլին Սուդանի բանակի և «Արագ աջակցության ուժերի» միջև քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր հազարավոր մարդիկ են սպանվել, 10 միլիոնից ավելի մարդ տեղահանվել է։ 

Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ տեղի ունեցած խաղաղության բանակցությունների մի քանի փուլերը արդյունք չեն տվել։ 

«Արագ աջակցության ուժերը» վերահսկում են մայրաքաղաք Խարթումի մեծ մասը, Կորդոֆան և Դարֆուր նահանգների մի մասը։ Սենար քաղաքը բանակից գրավել առայժմ չի հաջողվել՝ չնայած հունիսին «Արագ աջակցության ուժերը» գրավել են Սենար նահանգի մեծ մասը։ 

Հակամարտության երկու կողմերն էլ մեղադրվում են քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում