Հայաստան

Լիցենզավորման և հավաստագրման համար մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ ներկայացված հայտերը կդիտարկվեն նաև հաջորդող օրերին

2 րոպեի ընթերցում

Լիցենզավորման և հավաստագրման համար մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ ներկայացված հայտերը կդիտարկվեն նաև հաջորդող օրերին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ եթե մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները և մասնագետները դիմած լինեն հավաստագրման, վերալիցենզավորման և լիցենզիայի ներդիրի ստացման համար, ապա նրանց հայտը կդիտարկվի նաև վերջնաժամկետին հաջորդող օրերին՝ մինչև սեպտեմբերի 17-ը սահմանված անցումային կարգի տրամաբանությամբ։ 

Ընդ որում, նույնիսկ եթե հայտն անհրաժեշտության դեպքում ուղարկվի խմբագրման, և 5-օրյա ժամկետում կազմակերպությունը կամ մասնագետը ներկայացնի անհրաժեշտ տվյալները, ապա պահանջներին բավարարող հայտը կհաստատվի, մասնագետը կստանա հավաստագիր, իսկ կազմակերպությունը՝ ներկայացված դասին համապատասխան լիցենզիա և կկարողանա շարունակել գործունեությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ 

Նշվում է, որ պահանջներին չբավարարող հայտերի մերժման դեպքում հին լիցենզիան կդադարի գործել։ Ուստի հորդորում ենք հայտը լրացնելիս ուշադիր լինել ներկայացվող տվյալներին՝ հատկապես ճիշտ ընտրել դասը և ներկայացնել տվյալ դասին համապատասխան կատարված աշխատանքներ։

Ուշադրությո՛ւն, սեպտեմբերի 17-ից հետո ևս կազմակերպությունները կարող են դիմել լիցենզավորման համար, սակայն անցումային փուլի ավարտից հետո գործելու են ՀՀ կառավարության 2023թ. նոյեմբերի 30-ի 2106-Ն որոշման պահանջները։

Տեղեկացնում ենք նաև, որ նպատակ ունենալով աջակցելու ոլորտի ներկայացուցիչներին urban.e-gov.am հարթակով հավաստագրման և լիցենզավորման գործընթացներում՝ Քաղաքաշինության կոմիտեն այսուհետ իրազեկման հանդիպումներ կկազմակերպի շաբաթական 2 անգամ՝ մեկի փոխարեն։ Հանդիպումները տեղի կունենան չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 15։00-17։00-ին, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում (Կառավարական տուն 3, 1-ին հարկ)։

Մասնակցելու համար անհրաժեշտ է առցանց հերթագրվել urban.e-gov.am հարթակում ստեղծված առանձին բաժնում (https://urban.e-gov.am/hy/service/cert_specialist_appointment/info):

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում