Քաղաքականություն

ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տիկին դեսպանին դիմավորել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Էդիտա Գզոյանը հույս է հայտնել, որ ՀՑԹԻ-ի և ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան միջև ձևավորված հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն ու կխորանան:

Լուսինե Աբրահամյանը տիկին Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերիին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Նորանշանակ դեսպանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Նիդեռլանդների նորանշանակ դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում