Աշխարհ

Նիգերում ավելի քան 270 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով

2 րոպեի ընթերցում

Նիգերում ավելի քան 270 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերում ռեկորդային տեղատարափ անձրևների հետևանքով առնվազն 273 մարդ է զոհվել և ավելի քան 700 000-ը դարձել ներքին տեղահանված: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Ագադես քաղաքը, որը գտնվում է Սահարա անապատի նիգերական հատվածում և սովորաբար համարվում է Աֆրիկայի ամենաշոգ և չոր կլիմա ունեցող քաղաքներից մեկը, ջրի տակ է հայտնվել:

Մարդկանց մեծ մասը զոհվել է այն բանի պատճառով, որ նրանց տները կառուցվել էին չթրծված կավե բլոկներից, որոնք նախատեսված չեն առատ տեղումների համար, իսկ տեղատարափ անձրևները շարունակվում են մայիսից, և այդ տները պարզապես փլվում են խոնավության տևական ազդեցությունից: 

Ըստ Քաղպաշտպանության ազգային ծառայության՝ ամենից շատ տուժել են Տաուա և Մարադի շրջանները, որտեղ հաշվվում է համապատասխանաբար 87 և 86 զոհ: Ընդհանուր առմամբ, ջրհեղեղներ են գրանցվել երկրի 266 համայնքներից 201-ում, ավերվել է ավելի քան 73 000 բնակելի շենք։

Նիգերի իշխանությունները կոչ են անում բնակչությանը լքել հեղեղումների սպառնալիքի տակ գտնվող շրջանները. աղետի գոտիներ են ուղարկվում ջոկատներ՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու և մարդկանց փրկելու համար: 

Օդերևութաբանների տվյալներով՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում անձրևներ են տեղացել Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի մի շարք երկրներում՝ Գվինեայում, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում, Կոտ դ'Իվուարում, Լիբերիայում, Մալիում, Նիգերում, Նիգերիայում, Տոգոյում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում