Աշխարհ

Օլիմպիական մարզուհին մահացել է նախկին ընկերոջ կողմից հրկիզվելուց օրեր անց

2 րոպեի ընթերցում

Օլիմպիական մարզուհին մահացել է նախկին ընկերոջ կողմից հրկիզվելուց օրեր անց

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օլիմպիական մարզուհի Ռեբեկա Չեպտեգեյը, որի վրա սեպտեմբերի 1-ին նախկին ընկերը բենզին էր լցրել և հրկիզել, առավոտյան մահացել է հիվանդանոցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

33-ամյա ուգանդացի մարաթոնյան վազորդը, որը մասնակցում էր Փարիզի Օլիմպիական խաղերին, սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած հարձակումից հետո լուրջ այրվածքներ էր ստացել, որը հանգեցրել էր բազմաթիվ օրգանների անբավարարության։

Հյուսիս-արևմտյան Քենիայի իշխանությունները, որտեղ ապրում և մարզվում էր Չեպտեգեյը, ասել են, որ նա թիրախավորվել է, երբ իր 12-ամյա և 13-ամյա երկու դուստրերի հետ եկեղեցուց տուն է վերադարձել:

Ենթադրվում է, որ մարզուհին և նրա նախկին ընկերը տարաձայնություններ ունեին մի հողակտորի շուրջ։ Չեպտեգեյը Ուգանդայի հետ սահմանին գտնվող շրջանից է, որտեղ իր գնած հողակտորի վրա տուն էր կառուցել, որպեսզի մոտ լինի Քենիայի բարձրակարգ մարզական կենտրոններին։ 

Չեպտեգեյը Փարիզի Օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքում գրավել էր 44-րդ տեղը։ Իսկ 2022 թվականին Թաիլանդում անցկացված Լեռնային վազքի աշխարհի առաջնությունում նա ոսկե մեդալ էր շահել։

BBC-ն  նշում է, որ կանանց վրա հարձակումները Քենիայում մեծ մտահոգություն են առաջացնում։ Ըստ երկրում անցկացված հարցումների՝ 2022 թվականին կանանց առնվազն 34 %-ը հայտնել է, որ ենթարկվել է ֆիզիկական բռնության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում