Քաղաքականություն

Խաղաղության պայմանագրի առանցքային կետերը համաձայնեցված են, Բաքվի կողմից դրա ստորագրումը քաղաքական կամքի հարց է. Սարգիս Խանդանյան

2 րոպեի ընթերցում

Խաղաղության պայմանագրի առանցքային կետերը համաձայնեցված են, Բաքվի կողմից դրա ստորագրումը քաղաքական կամքի հարց է. Սարգիս Խանդանյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբդեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում առանցքային կետերը համաձայնեցված են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ 

«Այժմ գնդակն Ադրբեջանի դաշտում է, և Բաքուն պետք է պաշտոնապես արձագանքի Հայաստանի կողմից ուղարկված խաղաղության պայմանագրի 10-րդ խմբագրությանը։ Այն, ինչ ուղարկել է Հայաստանը, արդեն համաձայնեցված է, և այս պարագայում Ադրբեջանի կողմից պայմանագրի ստորագրումն արդեն քաղաքական կամքի հարց է»,-ասել է Խանդանյանը՝ արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է որոշ կետեր։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խաղաղության պայմանագրի նախագծում արդեն իսկ համաձայնեցված կետերով ստորագրել պայմանագիրը, իսկ այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ համաձայնություն չկա, քննարկումները շարունակել։ Վարչապետն ասել էր, որ խաղաղության պայմանագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից 13-ը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում