ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը սեպտեմբերի 3-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Վիշնևսկու հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Վահան Կոստանյանը և Յակուբ Վիշնևսկին մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և տարբեր ձևաչափերով համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Կարևորվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ամրապնդումը, այդ համատեքստում մտքեր են փոխանակվել փոխադարձ աջակցության հնարավորությունների վերաբերյալ։
Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա խորացման և ընդլայնման հնարավորությունները։
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով հայկական կողմի մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ։