Քաղաքականություն

Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի՞ կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի՞ կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը փորձում է Հայաստանին մեղադրել սպառազինվելու մեջ՝ քողարկելու իր սպառազինվելու հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մեզ քննադատում են նրա համար, որ մենք, օրինակ, Ֆրանսիայի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն, Հնդկաստանի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն: Ադրբեջանում կա հետևյալ միտումը՝ խոսում են, թե արտատարածաշրջանային երկրները զինում են Հայաստանին՝ նկատի ունենալով, օրինակ, Ֆրանսիային: Բայց ակնհայտ է, հրապարակային է, որ Ադրբեջանը, օրինակ, զենք է ձեռք բերում Իտալիայից: Ֆրանսիայի կողքի երկիրն է, ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից: Ադրբեջանը զենք է ձեռք բերում, օրինակ, Պակիստանից: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Պակիստանից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Հնդկաստանից: Ասում են՝ ԵՄ–ն, Արևմուտքը զինում է Հայաստանին. Ադրբեջանը զենք է ձեռք բերում Սլովակիայից, Սերբիայից, Բուլղարիայից: ԵՄ–ի առնվազն 3 անդամ երկրներ ռազմատեխնիկական համագործակցություն ունեն Ադրբեջանի հետ: Ադրբեջանը ահռելի մեծ ծավալի զենք է ձեռք բերում Իսրայելից»,–ասաց Փաշինյանը:

Հայաստանն ամեն օր այդ տվյալների մասին չի բարձրաձայնում, բայց այդ ամենը գիտի, ստանում է հետախուզական ճանապարհներով: 

Վարչապետը նկատեց՝ կան անկախ փորձագետներ, որոնք վերլուծական տեղեկանքներ գրելիս պնդում են, որ Ադրբեջանն այն մեղադրանքները՝ մասնավորապես Սահմանադրության և զենքի ձեռքբերման մասով, որոնք ներկայացնում է Հայաստանին, իրականում Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների համար ծխածածկույթի նշանակություն ունեն: Այսինքն՝ փորձում են Հայաստանին մեղադրել Սահմանադրությունում տարածքային պահանջներ ունենալու մեջ՝ քողարկելու իրենց սահմանադրության մեջ տարածքային պահանջների փաստը, փորձում են Հայաստանին մեղադրել սպառազինվելու մեջ՝ քողարկելու իրենց սպառազինվելու հարցը:

Փաշինյանը հարցրեց՝ ինչքանո՞վ է արդար Հայաստանին մեղադրել այն պայմաններում, երբ անընդհատ սպառնալիքներ է լսում: Սակայն այս պարագայում էլ երկիրը չի գնում կոնֆլիկտային ճանապարհով:

«Ասում ենք՝ մտահոգություն ունե՞ք, մենք էլ ունենք, եկեք սպառազինությունների փոխադարձ վերահսկման և կրճատման մեխանիզմներ ձևավորենք: Այդ առաջարկը հնչել է հրապարակային և ուժի մեջ է»,–շեշտեց Փաշինյանը:

«Բազմիցս եմ ասել, որ ցանկացած պետություն ունի ուժեղ և մարտունակ բանակ ունենալու իրավունք։ Միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը զինված ուժեր ունենալու, ինքնապաշտպանվելու իրավունքը համարում է անօտարելի իրավունք։ Այսինքն, ցանկացած երկիր ինքն իրեն պաշտպանելու իրավունք ունի և այդ իրավունքը որևէ կերպ չի կարող վիճարկվել, որովհետև միջազգային իրավունքում նաև հանրահայտ պարտավորություն կա պետությունների համար՝ իրենց քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությունը», - ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում ՀՀ Զինված ուժերում, ունեն միայն ու միայն այս նպատակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում