ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն Ադրբեջանում նոյեմբերին անցկացվելիք COP29 գագաթնաժողովին մասնակցել–չմասնակցելու որոշում չունի այս պահին, որոշում կկայացնի՝ մթնոլորտի և իրադրության գնահատմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանն արդյոք մասնակցելու է COP29–ին, մասնակցության դեպքում հնարավո՞ր է այնտեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրում:
«Մենք պատշաճ ժամանակներում կկայացնենք որոշումներ: Այս պահին մենք չունենք որոշում: Իհարկե, ընդհանուր իրադրությունը, պրոցեսները, մթնոլորտն այդ որոշման վրա չեն կարող չազդել»,–ասաց վարչապետը:
Նա նշեց՝ տեսականորեն որևէ որոշում բացառել չի կարելի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ամենավերջին հնարավոր ժամկետում ինչ իրադրություն կլինի: «Իրադրության գնահատմամբ՝ մենք կկայացնենք որոշում»,–հավելեց նա: