Մերձավոր Արևելք

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկրին պատերազմ է սպառնում մի քանի ճակատով

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկրին պատերազմ է սպառնում մի քանի ճակատով

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ երկրի հանդեպ կարող է ծառանալ մի քանի ճակատով պատերազմ վարելու վտանգը, եթե պատանդների շուրջ գործարք ձեռք չբերվի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ Իսրայելի N12 հեռուստաալիքի աղբյուրի տվյալներով՝ Գալանտն այդ գնահատականն է հայտնել ռազմական կաբինետի նիստում և ներկայացրել այն համապատասխան փաստաթղթում։ Ռազմական ղեկավարության տեսանկյունից գործարքի կնքումը ոչ միայն թույլ կտա վերադարձնել պատանդներին, այլև կարող է նվազեցնել լարվածությունը Լիբանանի հետ սահմանին, որտեղ բախումներ են ընթանում շիաների «Հեզբոլլահ» շարժման հետ։ Միևնույն ժամանակ, փաստաթղթում նշված է, որ գործարքի ձախողումը կստեղծի «իրավիճակի արագ վատթարացման» սպառնալիք՝ «ընդհուպ մի քանի ճակատով պատերազմական վիճակ»։

Ինչպես նշել է հեռուստաալիքի զրուցակիցը, փաստաթուղթը ներկայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նեղ շրջանակի բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Այնտեղ նշված է, որ Իսրայելը գտնվում է «ռազմավարական խաչմերուկում» և պետք է ընտրություն կատարի։

Իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է  2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ։ Շուրջ 250 մարդ գերեվարվել էր. նրանց մի մասը վերադարձվել է նոյեմբերի վերջին հաստատված 1-շաբաթյա հրադադարի ժամանակ։ Գազայի առողջապահական գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 40 600-ի։  

Սրան զուգահեռ լարվածություն է պահպանվում Իսրայելի հյուսիսային սահմանին, որը պարբերաբար գնդակոծումների է ենթարկվում Լիբանանի տարածքից, ինչին իսրայելցի զինվորականները պատասխանում են կրակով։ Իսրայելի հյուսիսի և Լիբանանի հարավի սահմանամերձ շրջաններից տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում