Գոռ Խաչատրյանը և Մարի Ղազարյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիրներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի երիտասարդ հրաձիգները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, 10 մ վազող թիրախ մրցաձևի երիտասարդ տղաների պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել Գոռ Խաչատրյանը։ Նա 567 միավոր արդյունքով առաջին հորիզոնականով անցել է կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում Խաչատրյանը 2:6 հաշվով պարտվել է, իսկ արդեն բրոնզե մեդալի համար եզրափակչում 6:3 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցչին։
Ըստ աղբյուրի՝ նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյանը 519 միավոր արդյունքով, 4-րդ տեղով դուրս է եկել կիսաեզրափակիչ և, բարելավելով արդյունքը, կանգնել պատվո հարթակի 3-րդ աստիճանին։ Ղազարյանը կիսաեզրափակչում 6:8 հաշվով պարտվել է, իսկ բրոնզե մեդալի համար եզրափակչում 7:5 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին։